Փետրվարի 11-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ նախկին պատգամավոր, ծագումով Տավուշի մարզից Ստյոպա Սաֆարյանը: Առաջին հանդիպումն Իջեւան քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում էր: Մինչ թեկնածուն Դիլիջանից կժամաներ, հրապարակում հնչում էին Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» եւ «Ժառանգություն» նախընտրական դաշինքի «Գետի այն ափին» երգերը: Րաֆֆի Հովհաննիսյանն Իջեւանում հայտարարեց. «Բոլորս զգում ենք, որ ինչ-որ բան փոխվում է մեր մեջ, մեր հետ, զգում ենք, որ դառնում ենք, ի վերջո, ոչ թե ինչ-որ մեկի ստրուկը կամ ենթական, ոչ թե Սերժի եւ Րաֆֆիի պայքարի թիրախը, «Ժառանգության» եւ Հանրապետականի կուսակցախաղերի զոհը, այլ մենք ասում ենք` սա իմ քաղաքը, իմ մարզն ու իմ հանրապետությունն է»:
Ր. Հովհաննիսյանն ասաց, որ հայ մարդն իր խոսքն ասելու է փետվարի 18-ին: Նա, իր սովորության համաձայն, ձեռքով բարեւեց հրապարակում գտնվողներին, շրջեց ՀՀ բանկերի Իջեւանի մասնաճյուղերում, բացեց վարսավիրանոցների դռները, մի քանի աղջիկ երեխաների եւ լրագրողների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզպետարան, մարզպետի աշխատասենյակ: Ր. Հովհաննիսյանը մարզպետ Արմեն Ղուլարյանին հորդորեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այս անգամ ընտրություններն ազատ անցկացվեն: 14 տարի որպես մարզպետ պաշտոնավարող, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանն ասաց, որ իրենք միշտ էլ առաջնորդվել են ՀՀ Սահմանադրությամբ ու երբեւէ Սահմանադրության եւ օրենքների խախտում թույլ չեն տվել: Ր. Հովհաննիսյանը հակադարձեց` նշելով, որ նախկինում ընտրությունները խախտումներով են եղել, իսկ մարզպետն էլ առարկեց, թե «դա Ձեր կարծիքն է»: «Դա իրականություն է»,-պնդեց մարզպետի աշխատասենյակում գտնվող Զարուհի Փոստանջյանը, ինչին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Ես կարծում եմ՝ ձեր հանդիպման վայրն այլ տեղ է, տիկի՛ն, կարող եք այնտեղ միտինգ անել»:
Վերջում հիշեցնելով, որ ընտրությունների համար մարզպետն օրենքի առաջ պատասխան է տալու, Ր. Հովհաննիսյանն Ա. Ղուլարյանին մաղթեց բարի ծառայություն եւ բարի ընտրություն: Հանդիպման հաջորդ վայրն Իջեւանի մերձակա Գետահովիտ համայնքն էր, որտեղ նախագահի թեկնածուն խոսեց արտագաղթի եւ այդ գյուղի համար ցավոտ բնապահպանական խնդիրների մասին: Զ. Փոստանջյանն էլ իր ելույթում մատնացույց արեց իրենց դեմ դիմաց գտնվող, չգործող երկհարկանի խանութի (որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը) կեղտոտ ապակիներին փակցված Ս. Սարգսյանի լուսանկարները: Օրվա երկրորդ կեսին Ր. Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումները շարունակվեցին Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:
Տավուշ