ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները դադարելուց հետո խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեղակալ, ՀԺԿ նախկին քարտուղար Ստեփան Զաքարյանի վրա: Երեկ “Ժողովուրդ”-ը փորձեց Զաքարյանից պարզել, թե հնարավոր է՝ ինքը դառնա խորհրդի նախագահ:
-Պարո՛ն Զաքարյան, այժմ քննարկվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ապագա նախագահի հարցը: Դուք առաջադրվելո՞ւ եք:
-Նախ՝ ես ասեմ, որ շատերը սխալվում են, որովհետեւ օրենքը չգիտեն: Նախ՝ պետք է խորհրդի անդամների մրցույթը կայանա: Խորհուրդը կազմված է 5 հոգուց: Հիմա Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը որ լրացավ, մի տեղ ազատվեց: Ըստ օրենքի՝ փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, կավարտվի խորհրդի անդամ դառնալու համար ներկայացվելիք դիմումներն ընդունելու ժամկետը: Երբ որ այդ բացը լրանա, նոր խորհրդի 5 անդամները կընտրեն խորհրդի նախագահին: Հիմա երբ մենք որոշենք խորհրդի նիստ անել եւ ընտրել, այդ ժամանակ էլ պարզ կլինի:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Հանրային հեռուստաընկերությունում լարված վիճակ է…
-Համաձայն չեմ: Նշվում է նաեւ, որ անկայուն իրավիճակ է ստեղծվել, բայց այդպես չէ: Ինչպես Հ1-ի եթերը կա, նույն կերպ շարունակվում է: Այդպիսի փոփոխություններ չկան:
-Եթերում դա չի երեւում, բայց ներսում իսկապես լարված իրավիճակ է… 
-Դե հիմա ինչ ասես չեն ասում: Ես չեմ հասկանում, թե ինչն է լրատվամիջոցների համար անհասկանալի: Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, նա էլ իրավունք չունի ղեկավարելու: Իսկ խորհրդի նախագահը նախ եւ առաջ խորհրդի անդամ է, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, օրենքով այս հարցը կլուծվի:
-Լավ, Դուք, լինելով նախկին ՀԺԿ անդամ, մշտապես ամբիոններից քննադատել եք իշխանություններին, հատկապես ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործունեությունը: Ինչպե՞ս պատահեց, որ լինելով կարկառուն ընդդիմադիր՝ այսօր պաշտպանում եք իշխանության շահերը:
-Ես հիմա քաղաքական հարցերի չեմ պատասխանի, որովհետեւ ես հիմա մի հիմնարկի պաշտոնակատար եմ, որը պարտավոր է չեզոք լինել:
-Մամուլը բազմաթիվ անգամ գրել է, որ Դուք դավաճանել եք հարազատ կուսակցության ղեկավարին: Նախկինում մշտապես քննադատել եք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի “իշխանությունը”: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այսօրվա Ձեր պահվածքը:
-Նախ՝ ամեն ինչ աղավաղվում է, ես չեմ կարծում, որ մարդ պետք է… նախ՝ երբ ես պատգամավոր եմ դարձել, ես ՀԺԿ անդամ չեմ եղել, ասեմ դա: Եվ այդ դավաճանությունը ես չգիտեմ, էլի՛… կուսակցությունն ամուսնություն չէ, էլի՛:
-Բայց Դուք միշտ աչքի եք ընկել Ձեր ընդդիմադիր հայացքներով, ինչպե՞ս է ստացվել, որ այսօր իշխանությանն եք սատարում:
-Բայց ինչո՞ւ պետք է մարդը միշտ ընդդիմադիր լինի: Այսինքն՝ ինչ ուզում է լինի, դու պետք է նույն բա՞նը ասես, չեմ հասկանում: Եթե ինչ-որ բան փոխվում է, դու պետք է միշտ նո՞ւյնը ասես: Ես կարծում եմ՝ մեր ընդդիմության ընդհանրապես էս իրավիճակը հենց դրանով է պայմանավորված, որ ընդդիմությունը չի փոխվել: Ինչ ասում էր, 20 տարի է՝ նույն բանն է ասում: Տենց չի լինում:
-Նշեցիք, որ “ինչ-որ բան փոխվում է”, իսկ ի՞նչ է փոխվել:
-Դե հիմա ես չեմ ուզում այդ մասին խոսել: Ես ասում եմ՝ հիմա քանի որ ես խորհրդի նախագահի պաշտոնակատարն եմ, եւ ընտրություններ են, չեմ ուզում անդրադառնալ քաղաքականությանը: Ընտրություններից հետո կարող եմ անդրադառնալ:
Պարո՛ն Զաքարյան, ժամանակին Դուք Սերժ Սարգսյանին մեղադրում էիք նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար…
-Դուք լսե՞լ եք, թե ես ինչ եմ ասել: Ես որեւէ անձի հոկտեմբերի 27-ի համար չեմ մեղադրել, կոնկրետ որեւէ անձի: Ես նորից եմ կրկնում՝ ես հիմա որեւէ բան չեմ ասի, մինչեւ ընտրությունները չավարտվեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

“Ժողովուրդ” օրաթերթի 477 համար




Լրահոս