ԲՀԿ-Ն ԷԼԻ ՄՆՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր շարունակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պատրաստվում է կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել իր նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ: “Ժողովուրդ”-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները:
“Ուրեմն, նախ եւ առաջ, չկա այդպիսի օրակարգ, որը կարող էր մեզ տանել նման թեմայի շուրջ քննարկման: Որեւէ բան չի փոխվել երկրում՝ ըստ մեր պահանջների: Ուստի մենք որեւէ ակնկալիք չունենք: Մշտապես խոսել ենք, որ մեզ հուզում են մարդկանց կյանքի որակի վրա ազդող փոփոխությունները, որոնք չեն արվում: Այնպես որ, կոալիցիա կազմելու հետ կապված բոլոր հարցերը ստացել են իմ մշտական պատասխանը՝ ընդգծելով, որ նման ձեւակերպումը, նման եզրույթը՝ “կոալիցիա” բառը, ինձ համար ընդունելի չէ”,-նշեց ԲՀԿ մամլո խոսնակը:
Ուրիխանյանը վստահեցրեց, որ իր խոսքերն ընդամենը ցանկալի ձեւով փոխվում են, ինչի արդյունքում էլ անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, թե ԲՀԿ-ն նպատակ ունի կրկին կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:
“Ես որեւէ տեղ չեմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք համագործակցության, իսկ ինչ վերաբերում է կառավարման համակարգին… չստացվի այնպես, որ ԲՀԿ-ն ոչինչ չի ուզում, ոչինչ չի անելու: ԲՀԿ-ն ունի նպատակ՝ սեփական երկրի քաղաքացիների կողմից իրենց տրված հնարավորությունները գործածել հանուն որակական փոփոխությունների նաեւ այլ համակարգում, ոչ միայն օրենսդիրումե,-հավելեց ԱԺ պատգամավորը: 
 
Մեր դիտարկմանը, թե ինչպես է ԲՀԿ-ն պատկերացնում իր հետագա աշխատանքները եւ արդյոք շարունակելու է մնալ “այլընտրանքային” ընդդիմություն, պատասխանեց. “Ընդդիմությունը չգիտեմ ինչ է նշանակում տվյալ պահին մեր հասցեին: Մենք այլընտրանքային, ուրիշ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժ ենք, տարբերվող մոտեցումներ ունեցող:  ԲՀԿ-ն շարունակելու է անել այն ամենը, ինչ արել է, ինչ անում է՝ բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով, բոլոր ջանքերը գործածելով, որպեսզի ընտրողների վստահությունը որեւէ կերպ չսասանվի: Այսինքն՝ այն, ինչ մշտապես արել է”:
Հ.Գ. Մի խոսքով, ինչպես միշտ, ԲՀԿ-ն անհասկանալի դիրքորոշում է արտահայտում՝ փորձելով քաղաքական կյանքում դրսեւորած ամորֆ վիճակը արդարացնել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

“Ժողովուրդ” օրաթերթի 477 համար




Լրահոս