Ո՛չ մի ձայն իշխանության թեկնածուին. Դաշնակցության կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու`  ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների “որակի” ապացույցն է: Այդ մասին ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած կոչում:
“Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում, եւ մենք վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու եւ վաղ, թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը:
Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել:
ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը”,- ասվում է ՀՅԴ ԳՄ կոչում:




Լրահոս