«Կոշ» ՔԿՀ-ում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանն իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունների համար դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է երկու միլիոն դրամի փոխհատուցում ինը տարի առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Պեդոֆիլը կստանա երկու տարի՞» հոդվածի համար: Ռ. Աբրահամյանը նաեւ դատի է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին` դարձյալ ինը տարի առաջ տպագրված հոդվածի համար եւ պահանջում է նույնքան գումար:
Հիշեցնենք, որ 2003թ. սեպտեմբերի 20-ի «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հոդվածում «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը մասնավորապես գրել է. «62-ամյա «մանկավարժ» Ռազմիկ Ավետիսի Աբրահամյանին սպառնում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Նոր Նորքի դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ հոդվածի հատկանիշներով, նախաքննություն իրականացնող մարմինը, ըստ մեր աղբյուրի, հակված է ապացուցել, որ Աբրահամյանն օգտվել է զոհերի անօգնական վիճակից: Ռ. Աբրահամյանն արդեն իսկ խոստովանել է, որ անչափահաս տղաների հետ «սեքսով» է զբաղվել Նոր Նորքի հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 627 սենյակում: Մեր աղբյուրները վկայում են, որ Արմավիրի «Արարատ» համալսարանում աշխատած տարիներին նույն Ռ. Աբրահամյանը ուսանող տղաների ստուգարքը նշանակելու համար այնպիսի իրավիճակ էր ստեղծում, թե իբր նրանք պատրաստ չեն ստուգարքին: Իսկ հետո որոշ «շփումների» գնով նրանք ստանում էին ստուգարքը: Ի դեպ, հանցագործն ամուսնացած է եւ ունի 2 աղջիկ: Չնայած հայտնի էր իբրեւ մենակյաց»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ: Վերջինս նշեց, որ Ռազմիկ Աբրահամյանը մինչ դատի տալը փորձել է քրեական գործ հարուցել իր նկատմամբ: «Ինձ կանչել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Այնտեղ ես տվել եմ բացատրություն, սակայն գործ չհարուցվեց, եւ նա դիմեց դատարան»,-նշեց լրագրողը: Վերջինիս խոսքով` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ափինյանի նախագահությամբ երկու նախնական նիստ է տեղի ունեցել. «Դատավորը Ռ. Աբրահամյանին հարցրեց, թե ինչ են արել լրագրողները, նա ասաց, թե մեր պատճառով են իրեն դատապարտել: Մինչդեռ մենք, քրեական գործի նյութերին ծանոթ լինելով, կարող ենք պնդել, որ ոչ միայն «թույլ» են եղել մեր հրապարակումները, այլեւ ավելի շատ տեղեկատվական բնույթ են կրել»:
Ռ. Մինասյանի խոսքով` ինքը եւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Վահագն Հովակիմյանը այս պահին հայցը վիճարկում են ոչ թե բովանդակային տեսանկյունից, որտեղ ոչ մի սխալ բառ չկա, այլ հայցային վաղեմության տեսանկյունից: «Ստացվում է, որ ում մտքով երբ անցնի, կարող է լրագրողի դեմ հայցով դիմել: Մանավանդ նախկինում դատապարտվածները, որոնց հետ դեմ հանդիման ես կանգնում, եւ քրեակատարողական հիմնարկներից չարացած նախկին հանցագործը փորձում է իր կատարածի մեղքը բարդել այն լրագրողների վրա, որոնք հանդգնել են հանցագործության մասին հրապարակել»,-զայրացած նշեց լրագրողը: Ռուզան Մինասյանի կարծիքով` թեեւ ինքը երբեք չի բարձրաձայնել, բայց վերջին շրջանում մի անտեսանելի ձեռք նախկին դատապարտյալներին ուղղորդում է իր դեմ. «Ես այն քչերից մեկն եմ, որ տեղյակ եմ դատաիրավական ոլորտում կատարվող վերջին քսան տարիների անցուդարձից: Ինչու է այս ամենը կատարվում` դատե՛ք ինքներդ»: Իսկ թե ում անտեսանելի ձեռքն է ուղղորդում, լրագրողը չցանկացավ նշել. «Սխալ է նման մոտեցումը, մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ կրակում են անգամ նախագահի թեկնածուի վրա, որտեղ կրակել են ԱԺ նախագահների վրա, կրակել են վարչապետի վրա, որտեղ կրակելուց հետո ծանակում են մարդուն, հեգնում նրա անցյալը` բարենպաստ հող ստեղծելով հերթական կրակոցի համար»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Վահագն Հովակիմյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կարծիքը հայտնեց. «Այս հայցադիմումն անհեթեթություն է եւ շատ տհաճ երեւույթ: Մենք վիճարկել ենք հայցային վաղեմության հարցը, եւ դատարանը պարտավոր է օրենքի շրջանակներում վաղեմության ժամկետը կիրառել, քանի որ երեք անգամ անցել է հայցի վաղեմության ժամկետը»:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:
«ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԱԿՈՑԻ ՀԱՄԱՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ