ՀԱՐՑ. Եթե քաղաքացին մինչ 27 տարին լրանալը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից զինվորական ծառայությունից խուսափած եւ տարիքը լրանալուց 3 տարի հետո վերադարձել է Հայաստան, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է, թե ոչ: Եթե այո՛, ապա ի՞նչ սկզբունքով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը եւ իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ եւ քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, դադարեցվում է քրեական հետապնդումը, եւ քաղաքացին զորակոչվում է բանակ՝ առանց հետագայում որեւէ բացասական իրավական հետեւանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած քաղաքացին մինչեւ 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր) կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ` ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի ՀՀ զինված ուժերի պահեստազորում եւ կստանա զինվորական գրքույկ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ կլիներ՝ պատասխանում նշվածը գոնե մոտ լիներ մեր իրականությանը: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն ուզում վերադառնալ հայրենիք՝ խուսափելով նմանատիպ քաշքշուկներից: Հուսանք, որ մի օր էլ մեր երկրում իրականությունը կհամապատասխանի գրված օրենքներին: