Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան անհասկանալի է դառնում ՀՀ նախագահի թեկնածուների պահվածքը: Նրանք սկսում են իրենք իրենց հակասող հայտարարություններ անել: Օրինակ` Սերժ Սարգսյանը երեկ Մարտունիում ասել է. «Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված է, լրացնում են նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել»: Մի կողմ թողնելով այն անհերքելի իրողությունը, որ տարիներ շարունակ հենց իշխանություններն են արել ամեն ինչ, որպեսզի չընտրվի ժողովրդի ընտրյալը (քանի որ ՀՀ անկախության քսանամյա պատմության ընթացքում ընդդիմությունը երբեւէ չի եկել իշխանության), մի կողմ թողնելով այն աղաղակող փաստը, որ այդ նույն իշխանություններն են տարիներ շարունակ գնել ժողովրդի քվեն (ընտրակաշառքների փաստերը չեն հերքում անգամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ հանրապետականները), չենք կարող, սակայն, չհիշեցնել, որ հենց նույն Սերժ Սարգսյանի թիմակիցներն են ամիսներ շարունակ ամեն հնարավոր առիթով ասել, որ «այս ընտրություններում բացարձակ ֆավորիտը Սերժ Սարգսյանն է», որ նա «իրեն հավասար մրցակից չունի», եւ որ իրենց համար «Սերժ Սարգսյանի հաղթանակն անխուսափելի է»: Էլ չասած` նույն Ս. Սարգսյանի` Գյումրիում արած հայտնի հայտարարությունը` «ինչքան ասես` խփենք»: Հետաքրքիր է, կանխորոշելն էլ ո՞նց է լինում:
Սակայն կանխորոշելու տեսակետից տարակուսելի պահվածք են դրսեւորում նաեւ մյուս թեկնածուները: Օրինակ` Պարույր Հայրիկյանը: Չէ՛, խոսքը նրա ՍԴ դիմել-չդիմելու որոշման մասին չէ: Այդ հարցում տարակուսանք բառը ճշգրիտ չէր արտացոլի այն, ինչ այս օրերին զգաց ողջ հայ ազգը: Խոսքը ԱԻՄ առաջնորդի` երեկ Գյումրիում արած այն հայտարարության մասին է, թե «Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան՝ առանձին-առանձին նրանց ստացած տոկոսները գումարում էինք իրար` ստացվում էր 40 տոկոս։ Սերժ Սարգսյանինն էլ 50-ից ավելի»: Փաստորեն, չկայացած մահափորձից հետո Հայրիկյանը որոշել է ստանձնել նաեւ Ադիբեկյանի գործառույթները` սեփական քարոզարշավի ընթացքում ձեռքի հետ գովազդելով Ս. Սարգսյանի տոկոսները: Հավանաբար Հայրիկյանը չգիտի, թե Ս. Սարգսյանն ինչ կարծիք ունի ընտրությունների ելքը կանխորոշողների մասին:
Չգիտի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը երեկ հայտարարել է, թե այս ընտրություններն արդար ու ազատ չեն լինելու: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ նա ձայնի այնպիսի ոգեշնչված շեշտադրությամբ եւ դեմքի այնպիսի վճռական արտահայտությամբ էր կանխորոշում, որ փետրվարի 18-ին կայանալու են Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար ընտրությունները, որոնց արդյունքում ինքը հաղթելու է:
ԿԱՆԽՈՐՈՇԻՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ