Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին խարդախության մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Ս. Ղազարյանը կալանավորվելու է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Սամսոն Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, փաստորեն, այսօր դատարանը որոշեց Ձեզ դատապարտել 4 տարվա ազատազրկման, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դատավճիռը:
-Ընդամենը դատավորն ընթերցեց վճռի եզրակացությունը, ես վճիռը կստանամ, այնուհետեւ նոր մենք կզրուցենք՝ այդ թեմայի հետ կապված:
-Բայց, այնուամենայնիվ, այս ամենն իրականացվում է Ձեր դեմ, սա համարո՞ւմ եք քաղաքական հետապնդում, թե՞ ոչ:
-Ո՛չ, ես սա քաղաքական հետապնդում չեմ համարում: Ես վերջնականապես համոզվել եմ, որ իմ հակառակորդը` այսպես կոչված տուժողը, թյուրիմացության մեջ է գցել իրավապահ մարմիններին: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը` Հրանտ Գեւորգյանը, կոնկրետ գլխավոր դատախազի երկրացին է, ու նրա եղբայրը՝ Համլետ Գեւորգյանը, վկաներ է հավաքագրել: Ես կարծում եմ, որ իրենք թյուրիմացության մեջ են գցել դատախազության ամբողջ համակարգին:
-Ի՞նչ առումով են թյուրիմացության մեջ գցել, Դուք ի՞նչ հիմքեր ունեք, որ նման եզրակացության եք եկել:
-Կեղծ, ուռճացված փաստաթղթեր, կեղծ վկաներ, անհեթեթ հիմնավորումներ: Միակողմանի է եղել նաեւ նախաքննությունը, իսկ դատաքննության ընթացքում էլ ամեն ինչ արվել է, որ «լղոզված» ձեւով քննվեն փաստերն ու այսպես կոչված վկաների ցուցմունքները:
-Այնուամենայնիվ, վերջին շրջանում իշխանությունների կողմից հատուկ բացասական վերաբերմունք է կարծես նկատվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հանդեպ. Աշոտ Մանուչարյանի, Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հալածանք է իրականացվում, ու նա 10 տարուց ավելի է` ՀՀ-ում չէ: Այս առումով որեւէ միտում չե՞ք տեսնում:
-Սա վաղուց է սկսվել, արդեն երկրորդ տարին է՝ ընթանում է ինձ հետ կապված դատական պրոցեսը եւ շարունակվելու է, քանի որ ես բողոքարկելու եմ վճիռը: Ուղղակի նշեմ, որ սա բացարձակապես կապ չունի իմ քաղաքական գործունեության հետ, ես խորապես համոզված եմ: Եթե իմ կենսագրությանը տեղյակ եք, ապա կիմանաք, որ ես երբեւէ որեւէ մանիպուլյացիա չեմ արել: Եթե հարկ է եղել, ես քննադատել եմ իշխանություններին 2006-2007թթ. ընթացքում: Հանիրավի սա կապել քաղաքական պատվերի հետ՝ չի կարելի: Իսկ մնացածի հետ կապված՝ ասեմ, որ դա առանձին խոսելու թեմա է, ես չէի ասի՝ հալածանք: Վանո Սիրադեղյանի մասով միանգամայն այլ թեմա է: Վ. Սիրադեղյանն իմ ամենամոտ ընկերն էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեջ, եւ մինչեւ այսօր նա իմ ընկերն է: Ես դա այդպես եմ համարում: Հալածանքներ բառով ես չեմ բնորոշի, ուղղակի կա մոտեցումների տարբերություն: Կան հարցեր, որ համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, կան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եմ համամիտ: Սա բոլորովին այլ հարց է:
-Բայց այսօր փաստը մնում է փաստ, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն արժանացել են արհամարհանքի…
-Դե գիտեք ի՞նչ, այդ հարցը եւս շատ տարողունակ է, եկե՛ք հիմա չպատասխանեմ այդ հարցին, ես դա հալածանք ու արհամարհանք չէի համարի: Իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքին, ապա ես ընտրությունների ընթացքում եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից, ու այն բացերը, որոնք առկա են երկրում, դրանց մասին ասել եմ բարձրաձայն: Այսինքն՝ այսօր համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը ես մաշկիս վրա զգացի այս դատաքննության ընթացքում:
«ԵԹԵ ՀԱՐԿ Է ԵՂԵԼ, ԵՍ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ