ԵԼՈՒՅԹ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ, հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել: Քաղաքացիներից մեկը ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ խոսելիս զրույցի կեսից անցել է ադրբեջաներենին, եւ երբ ցանկացել է հայերեն  թարգմանել ասածը, Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը դեռ չի մոռացել այդ լեզուն: Ուշագրավն այն է, որ ադրբեջաներեն խոսողը եղել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հորեղբայրը՝ Հայկարամ Խլոյանը, ում հետ էլ «Ժողովուրդ»-ը զրուցել է:
-Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ադրբեջաներեն խոսել, ըստ Ձեզ՝ Սարգսյանը հայերեն չէ՞ր հասկանա, որ ադրբեջաներեն եք խոսել:
-Չէ՛, ինչո՞ւ չէր հասկանա, դրան քաղաքական երանգ չպետք է տանք, ադրբեջաներեն, վրացերեն, պարսկերեն իմ բառապաշարի մեջ կա, դրա համար էլ ես էդ ձեւ եմ խոսել: Էտի ո՞նց կարելի ա քաղաքականացնել, դա սխալ ա, տենց բան չի կարելի անել: Չէ՛, ո՞նց թե Սերժ Սարգսյանը չէր հասկանա, ուղղակի ես բան ասեցի ու օրինակ ասեցի, որ սենց էլ ադրբեջաներեն են ասում: Էտի խոսակցականով եմ ասել՝ ադրբեջաներեն ոնց ա լինում:
-Խոսակցություններ են շրջանառվում, թե քանի որ Դուք Վարդենիսի քաղաքապետի հորեղբայրն եք, նա է Ձեզ «հուշել», թե ինչ պետք է խոսեք, անգամ տեքստ են գրել ելույթ ունենալու համար: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Չէ՛, իհարկե ինքը չի ասել: Էտի սուտ բաներ են ասում, տենց բան չկա, ախր պետք չի էտի քաղաքականացնել, էլի եմ կրկնում՝ սխալ ա էտի քաղաքականացնել:
-Մեզ տեղեկություններ հասան, որ Վարդենիսի սար կոչվող յայլաները ՀՀ կառավարության որոշմամբ տրվել են Վարդենիսի երկու գյուղերին՝ Այրքին եւ Ակունքին: Եվ լուրեր կան, որ Վարդենիսի քաղաքապետն է Ձեզ «հանձնարարել», որպեսզի այդ հարցի մասին ելույթ ունենաք եւ Սերժ Սարգսյանից պարզեք, թե ինչպես է լուծվելու այդ հարցը:
-Ո՛չ, ես եմ գնացել ու իմ ցանկությամբ Վարդենիսի ազգաբնակչության անունից խոսել, ու ես ասել եմ, որ մեր գյուղը ապրում ա գյուղական կյանքով, անասուններ պահելով, հող մշակելով ապրում ենք մեր համար: Ուրիշ գյուղերում ջուր չկա, լուսավորություն չկա, մենք էլ ուզում ենք էդ սարի հարցը լուծվի, էդ եմ ասել: Ապրում ենք սարի կյանքով, ասել եմ՝ երեք մասի են բաժանում, ասել եմ, որ պտի վարդենիսցին երեք գյուղ վազվզի, որ իր անասունը տան ա: Էսքան բան, ուրիշ բան չկա: Էդտեղ եսիմ ինչ չի եղել, որ տենց բաներ են ասում, սաղ սխալ բաներ ա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս