ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում, կարեւորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները, ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ընտրակաշառքների եւ խախտումների մասին անմիջապես իրազեկել ՀՀ իրավապահ մարմիններին` երաշխավորելով, որ ընտրակաշառք ստացած անձինք, ովքեր այդ մասին կհայտնեն իրավապահներին, կազատվեն քրեական պատասխանատվությունից:
ՌԵԱՆԻՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ կրկին այցելել է հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Հետաքրքրվելով նրա ինքնազգացողությամբ` նախարարը տեղեկացրել է, որ հացադուլի այս փուլում նրա օրգանիզմում յուրաքանչյուր պահի կարող են ծանր հետեւանքներով անդառնալի փոփոխություններ լինել: Այցից հետո նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում որոշում է կայացվել հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել:
ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՍՆԵՆՔ
«Ընտրություններում հաղթողին շնորհավորելը քաղաքական մշակույթի մաս է, ինչին Հայաստանը դեռ պետք է հասնի»,-երեկ Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: NEWS.am-ի հաղորդմամբ` Սարգսյանն ասել է, թե պարտության դեպքում ինքը պատրաստ է շնորհավորել հաղթող թեկնածուին. «Եթե կան մարդիկ, ովքեր նախապես հրաժարվում են շնորհավորել ընտրություններում հաղթողին, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես ոչ ոքի չեմ խնդրի, որ ինձ շնորհավորեն: Եթե նրանք կարծում են, որ հաղթողին շնորհավորելն իրենց պատվից ցածր է, թող այդպես լինի: Բնութագրական է Միթ Ռոմնիի օրինակը, ով, պարտվելով ընտրություններում Բարաք Օբամային, հայտարարեց ամերիկացիներին. «Ես ուզում էի ձեզ տանել այլ ճանապարհով, բայց դուք ընտրեցիք Օբամային, եւ ես աղոթում եմ Աստծուն մեր նախագահի համար»: Ահա մոտեցումը: Բայց ես հույս ունեմ, որ մենք կհասնենք այդ քաղաքական մշակույթին, եւ այն, ինչին նրանք հասել են 250 տարում, մենք կհասնենք եթե ոչ 25, ապա 30-40 տարում»:
ԻՍԿ ՀԻՇԵՑՆՈՂԸ ՀԻՇՈ՞ՒՄ Է
Նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուների, տարբեր քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների կողմից հաճախ հնչում են զինված ուժերում քարոզչության իրականացման, բանակի՝ ընտրության մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Հաշվի առնելով բոլոր այդ հարցերը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է քաղաքական բոլոր ուժերին. ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:
ՄԱՆԱՆԵԽ` ՃԱՇԻՑ ՀԵՏՈ
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը համոզված է, որ նախագահական ընտրություններն անցնելու են մեկ փուլով` արդեն իսկ կանխորոշված արդյունքով: Սակայն ընտրություններից հետո, ըստ նրա, հասարակությունը զգալիորեն կակտիվանա. «Ընտրություններից հետո մերժում կլինի: Մարդիկ սկսելու են ելք փնտրել: Այժմ այդ փնտրտուքին խանգարում են արեւմուտքից թելադրված այս կեղծ ընտրությունները: Դրանք կավարտվեն, եւ կսկսվի իրական ընտրությունների գործընթացը»: