Հայաստանի տնտեսությունում մրցակցության անհրաժեշտության մասին բոլորն են խոսում, նույնիսկ այն գործիչները, որոնց գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել տնտեսությունում մենաշնորհներ սահմանելուն: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանրության լայն շերտերի համար տնտեսական մրցակցությունը երբեւէ առանցքային կարեւորություն ձեռք չբերի: Եւ այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսությունում միակ ոլորտը, որտեղ առկա է լիարժեք մրցակցություն, կապի շուկան է:
Այն բանից հետո, երբ բջջային կապի շուկայում սկսեց գործել երկրորդ օպերատորը` «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել»), շատ արագ վերացավ այդ շուկայում առկա դեֆիցիտը, եւ ամեն ամիս սակագները սկսեցին իջնել: Այսօր Հայաստանի կապի շուկայում գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնցից երեքը` «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ «Բիլայն»), «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել») եւ «Յուքոմ», ամենախոշորներն են: «Յուքոմը» ինչպես հայտնի է՝ պատկանում է ՀՀ ֆինանսների նախարարի ընտանիքին: Այս ընկերությունը Հայաստանի շուկայում սկսեց գործել 2007 թվականից: Անկախ ամեն ինչից՝ այս ընկերության գործունեությունը եւս Հայաստանի կապի շուկայում լուրջ մրցակցություն առաջացրեց, որոնց արդյունքում ոլորտը սկսեց ավելի արագ զարգանալ: Մասնավորապես, հենց այդ ընկերության շուկա մտնելու արդյունքում Հայաստանի ինտերնետ շուկան սկսեց արագ զարգանալ, եւ սակագները սկսեցին նվազել: Բանն այն է, որ մինչեւ «Յուքոմի» շուկա մտնելը, լարային եւ բարձր արագությամբ ինտերնետ կապ առաջարկող «ԱրմենՏել» ընկերությունը լուրջ մրցակից չուներ: Իսկ մրցակից ունենալուց հետո այն սկսեց ծառայությունների որակը բարձրացնել` զուգահեռ նվազեցնելով սակագները: «Յուքոմի» կողմից ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցելու հանգամանքն էլ նպաստեց, որպեսզի «ԱրմենՏելը» կապի այդ տեսակի ծառայությունները մատուցի նվազագույն սակագներով եւ արագացնի հեռախոսակապի թվայնացման գործընթացը:
Ինտերնետ հեռուստահեռարձակման` IPTV ծառայության մատուցման ոլորտում «Յուքոմը» մի պահ լուրջ մրցակցությունից դուրս էր: Այդ ծառայությունը մատուցող մի քանի փոքր ընկերություններին «Յուքոմը» շատ հեշտությամբ կլանեց եւ մի քանի տարի շարունակ` մինչեւ անցած տարի, այս ոլորտում լուրջ մրցակից չուներ: Այն բանից հետո, երբ «ԱրմենՏելը» եւս սկսեց ինտերնետ հեռուստահեռարձակման ծառայությունը մատուցել, անմիջապես հետեւեց «Յուքոմի» պատասխանը` իր կողմից մատուցվող սակագների իջեցման տեսքով: Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսին «Յուքոմը» գնեց բջջային կապի երրորդ օպերատորի` «Օրանժ Արմենիայի» ընկերությունը: Փաստորեն, այս ընկերությունն այժմ ի վիճակի է ամբողջական փաթեթով կապի ծառայություն մատուցել` ֆիքսված հեռախոսակապ, լայնաշերտ ինտերնետ, ինտերնետ հեռուստահեռարձակման ծառայություն եւ բջջային կապ: «ԱրմենՏելի» պատասխանը եւս չի ուշանում: Այս ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` «Երեքը մեկում» սակագնային պլանը հաստատելու համար: Տվյալ դեպքում «Երեքը մեկում» փաթեթը ենթադրում է ֆիքսված հեռախոսակապ, լայնաշերտ ինտերնետ եւ ինտերնետ հեռուստահեռարձակման ծառայություն` IPTV: Սակայն ՀԾԿ հանձնաժողովը սահմանելու է միայն ֆիքսված հեռախոսակապի ծառայությունը` փաթեթի ներսում բաժանորդավճարը 600 դրամ (գործող 1200 դրամի փոխարեն), որը սպառողին տալիս 180 րոպե անվճար խոսելու իրավունք: ՀԾԿ հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին կայանալիք նիստում կհաստատի նոր սակագինը: Ի դեպ, չնայած հեռախոսակապի սակագնի իջեցման մասին է խոսքը, սակայն, օրենսդրության պահանջն է, որ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագինը հաստատվի ՀԾԿ հանձնաժողովի կողմից:
Ներկայումս «ԱրմենՏելը» ոչ բոլոր բաժանորդներին է ինտերնետ հեռուստահեռարձակման` IPTV ծառայություն մատուցում, սակայն, արդեն իսկ տեսանելի է, որ այս ընկերությունը անընդհատ ընդլայնում է այդ ծառայությունից օգտվելու հնարավորությունները: Կասկածից վեր է, որ երբ այդ ծառայությունը արդեն «ԱրմենՏելի» բաժանորդների գերակշռող մեծամասնությանը հասանելի կլինի, նրա եւ «Յուքոմի» մրցակցությունը ավելի կաշխուժանա, եւ երկուսն էլ կսկսեն բաժանորդներին գրավելու լրացուցիչ միջոցներ կիրառել: Այսինքն՝ ամեն դեպքում սպառողները կշահեն:
Մեկ ոլորտի օրինակով տեսնում ենք, թե մրցակցությունն ինչպես կարող է ցածր գին եւ բարձր որակ ապահովել: Սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են տնտեսության մնացած հատվածը մենաշնորհային պայմաններում պահել: Ավելին՝ նրանք չեն էլ պատրաստվում այդ վիճակը փոխել եւ տնտեսությունն ազատականացնել: Հայաստանի տնտեսությանը խեղդող օղակը հենց այդ գործոնն է: Եթե այդպես չլիներ, ապա տարադրամների փոխարժեքների տատանումները, նավթի գների տատանումները եւ մնացած համանման իրադարձությունները Հայաստանի տնտեսությանը ոչնչով չէին կարող սպառնալ: Իսկ այժմ Հայաստանի տնտեսությունը փետուրի պես է. ամենաթույլ քամուց անգամ տատանվում է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՒՈՐԼԻՔԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին նամակով դիմել էր՝ ցանկանալով պարզել ԱՄՆ-ի տեսակետը` վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերն Ադրբեջանի կողմից հրետանակոծելու վերաբերյալ: Մեր նամակին ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ նախօրեին հրապարակած տեսակետով: «Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք զինված ուժերի կողմից քաղաքացիական տարածքները թիրախավորելու մասին հաղորդումներով: Մենք հնարավորինս խիստ ձեւով կոչ ենք անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները՝ թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերը քաղաքացիական կյանքեր պաշտպանելու մարդասիրական պարտավորություն ունեն: Ինչպես նախկինում ընդգծել ենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հանդես բերեն քաղաքական կամք հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ եւ ոչ մարտադաշտում»,- ասել էր Ուորլիքը:
ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՔԵՖ
Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա: Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը` սեպտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրված են եւ մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարխիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ:
ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԴՊՐՈՑ
ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարվա հուլիսի ընթացքում 703 մլն 247 հազար դրամ ծախսել է Դիլիջանում կառուցվող «ուսումնական կենտրոնի» շինարարության վրա: Ինչպես հայտնի է՝ այդ կառույցի շինարարությունը սկսվել է դեռեւս մի քանի տարի առաջ, երբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս առանձին գերատեսչություն էր, իսկ շինարարության նախաձեռնողն էլ հենց ՊԵԿ-ն էր: Այդ կառույցի շինարարության վրա պետբյուջեից արդեն իսկ մոտ մեկ տասնյակ միլիոն դոլար է ծախսվել: Ինչեւէ, հուլիսի 31-ին ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել «Իմեքս գրուպ» ընկերության հետ, որով 37 մլն 141 հազար դրամով ձեռք է բերել տնտեսական ապրանքներ: Նույն օրը ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել նաեւ «Ֆրիուլիֆլեքս» ընկերության հետ եւ 19 մլն 845 հազար դրամով գնել է 155 հատ ներքնակ՝ էքստրաօրթոպեդիկ մատրասով: Դրանից բացի՝ ֆինանսների նախարարությունը 646 մլն 259 հազար դրամ էլ վճարել է «Սահակյանշին» ընկերությանը ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների համար:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԼԱՎ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ՀՀ-ում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս կապակցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողներին երեկ հայտնել է.«Առաջին փուլում ընդգրկվել են պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորահավաքային պատրաստակամության խնդիրներ: Առաջին հերթին ստուգում են պետության պատրաստականությունը մարտական գործողությունների կամ պատերազմի վերսկսման պարագայում, ղեկավարման համակարգի ունակությունները»: Մ. Հակոբյանի փոխանցմամբ` զորավարժությունների նպատակն է նաեւ ստուգել պետության տնտեսական հնարավորությունը ռազմական դրության բերելու ժամանակ, գերատեսչությունների կենսունակությունը, ստուգել պետության պահուստները ռազմական դրության ժամանակ եւ պետության հնարավորությունները. «Պետք է նշեմ, որ նախարարությունները զարմանալի լավ էին պատրաստվել, ու պատճառն այն է, որ մոտ երեք ամիս է՝ նախապատրաստվում էինք այս զորավարժություններին»:
ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՓՈՐՁ
Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում երեկ նման գնահատական է տվել ՀԱՊԿ քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ նման զորվարժություններ է իրականացնում»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ՀՀ է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» զորավարժությանը համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆԻՍՏ
«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել եւ վարել է ՀՀ Կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ եւ առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ ԻՋԵՑՆԵԼ
«Մենք համարում ենք՝ այս իշխանությունը, որն իրականացրել է պետական հանցագործություն, պետք է հեռանա, որովհետեւ գողություն է կատարվել: Կարեւոր չէ՝ դա այս ընտրությունն էր, թե նախորդ: 20 տարի գնում է այդ գողությունը»,- երեկ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք ունեն հնարավորություն՝ կանխելու սահմանադրական բարեփոխումները: «Կուսակցական դրոշները պետք է իջնեն, հասարակությունը պատրաստ լինի առավել երկարատեւ պայքարի, եթե ուզում է փոփոխություն»,- ասել է նա` չբացառելով, որ կուսակցությունը կմիանա «Ոչ»-ի ճակատին:
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հրապարակել է 120 մմ տրամաչափի արկի լուսանկարը, որը նախօրեին տրամադրել էր ԼՂՀ պաշտպանության նախարարությունը. «Այս արկը 120 մմ տրամաչափի է, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Նման լարումն անթույլատրելի է»:
ՀԵՌԱՆՈՒՄ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: