ՀԱՄԱՑԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր facebook սոցիալական ցանցում գումար աշխատելու, կամ ավելի ճիշտ՝ «գրդոն անելու» դրսեւորումներին: Իսկ իրավական առումով ինչպե՞ս կարել է պայքարել այս երեւույթի դեմ:

Արդեն նկարագրել էինք, որ facebook սոցիալական ցանցում հաճախակի տարբեր անձինք՝ անկախ ունեցած կարգավիճակից, տարաբնույթ գրառումներ են կատարում՝ դրանով վարկաբեկելով կամ պաշտպանելով որեւէ մեկի կամ ընկերության, կուսակցության: Բլոգային անհասցե լրատվամիջոցներն էլ անմիջապես գրառումը տեղադրում են իրենց կայքում՝ շնորհակալություն հայտնելով գրառման հեղինակին: Բայց շատ դեպքերում ֆեյսբուքյան ակտիվիստները, գրառումներ կատարող անձինք, իրենց դեմքը փրկելու համար, հայտարարում են, թե ազատ խոսքի ջատագովներն են եւ իրենց կարծիքն են արտահայտում, սակայն իրականում շան գլուխը այլ տեղ է թաքնված:
Ըստ շրջանառվող լուրերի՝ սոցիալական ցանցում այս օրերին ակտիվ «ստատուս» գրողները ոչ այնքան ազատ խոսքի կողմնակիցներն են, որքան այս կամ այն պաշտոնյայի կամ, առհասարակ, որեւէ թաքնված դեմքի պատվեր կատարողը: Ասել է թե՝ նրանք իրենց կարծիքը չեն արտահայտում, այլ կոնկրետ անձանց` պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ֆինանսավորվում են՝ որեւէ մեկի մասին վարկաբեկող կամ պաշտպանող «ստատուս» գրելու համար: Կամ էլ, լավագույն դեպքում, ինչ-որ քաղաքական, տնտեսական «գիծ» են առաջ տանում: Տարածված լուրերի համաձայն՝ ֆեյսբուքում գրառումներ անելու համար գնացուցակ կա սահմանված՝ 50.000 մինչեւ 200.000 դրամի չափով՝ կախված բովանդակությունից, քննադատության չափաբաժնից եւ ունեցած լայքերի քանակից:
Օրենսդրական ինչ կարգավորումներ են անհրաժեշտ՝ իրավիճակը համացանցում կարգավորելու համար:
Ըստ մի շարք իրավաբանների՝ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում համացանցի կարգավորվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ օրենսդրական որեւէ կարգավորում դեռեւս չկա: Իսկ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց իր ֆորումում տեղ գտած մեկնաբանության համար պետք է պատասխանատվություն կրի, եթե այնտեղ վիրավորանք եւ զրպարտութուն կա:
Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ցանցում տեղ գտած գրառմանը, որը իրականացվել է որեւէ ֆեյքի կամ կոնկրետ անձի կողմից եւ հայտնվել լրատվամիջոցում, ապա այստեղ երկու իրավիճակ կա: Առաջինը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետը սահմանում է. «Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա՝ լրատվական գործունեություն իրականացնողը»:
Ենթադրենք՝ որեւէ մեկը կոնկրետ իր անուն ազգանունով պատվիրված վարկաբեկող գրառում է կատարել որեւէ անձի մասին, ապա այստեղ ելք կա: Վիրավորված անձը կարող է գրառման հեղինակի դեմ դատական հայց ներկայացնել իր պատիվն ու արժանապատվությունը պահպանելու պահանջով:
Իսկ ինչպիսին է իրավիճակը ֆեյքերի մասով: Եթե անհայտ որեւէ մեկը, որը սոցիալական ցանցում ունի բավականին մեծ թվով հետեւողներ եւ վարկաբեկող կամ պաշտպանող գրառում է կատարում ու գրառումն էլ տեղ է գտնում լրատվամիջոցում կամ բլոգում, ապա սկզբունքորեն լրատվամիջոցն է անհայտ անձի գրառման համար պատասխանատվություն կրողը:
Օրինակ՝ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին «Անկախ Հայաստան» անուն ազգանունով ներկայացած ֆեյքը գրառում էր կատարել, եւ բլոգներից մեկը այդ գրառումը տեղադրել էր իր կայքում: Երգչուհին դատի էր տվել կայքի պատասխանատուին, սակայն դատարանը մերժել էր նրա հայցը, քանի որ համարել էր կայքի պատասխանատուին ոչ պատշաճ պատասխանող: Ասել է թե՝ լրատվամիջոց ներկայացած կայքը գրանցված չէ որպես ՍՊԸ, եւ այս դեպքում դատարանը երգչուհուց պահանջել էր լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնել: Իսկ ինչպես լրատվամիջոցի դեմ հայց ներկայացվեր, եթե այն գրանցված չէ պետական որեւէ մարմնում: Ասել է թե` նրանք գործում են ապօրինի դաշտում:
Ու եթե տպագիր մամուլի դեպքում իրավիճակը կարգավորված է, եւ օրաթերթ հրատարակելու համար պարտադիր պետք է գրանցված ՍՊԸ ունենալ, կոնկրետ հասցե, հեռախոսահամար, պատասխանատու եւ այլն, ապա էլեկտրոնային կայքերի, բլոգների դեպքում օրենսդրական հստակեցումներ են անհրաժեշտ իրականացնել: Այս դաշտը բաց է, դրա համար էլ անպատասխանատվությունն է իշխում կայքերում. գրում են ինչ պատահի, ինչպես պատահի, ու երբ գալիս է պատասխանատվության պահը, իսկույն չքվում են:
Իսկ ինչ է անհրաժեշտ անել. առաջին՝ եթե թաքնված, անհայտ որեւէ մեկի կողմից պաշտպանող կամ վարկաբեկող գրառում է կատարվել, որը տեղ է գտել որեւէ կայքում եւ հնչեղություն ստացել, ապա պատասխանատվություն կրողը պետք է լինի կայքը: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ էլեկտրոնային կայքերը պատշաճ գրանցում ունենան:
Երկրորդ՝ որպեսզի էլեկտրոնային լրատվամիջոցը պատասխանատվություն կրի, պետք է պատշաճ գրանցված լինի պետական մարմնում. ունենա ՍՊԸ, հասցե, հեռախոսահամար, պատասխանատու, որը հասանելի է, այլ ոչ թե ձեւական ինչ-որ անուն: Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գտնել խմբագրին ու պատասխանատվության ենթարկել, եթե նա գումարի դիմաց կամ այլ շահագրգռվածությամբ վերցրել ու իր կայքում է տեղադրել այս կամ այն գրառումը` վիրավորելով որեւէ մեկին:
Բայց քանի որ մեր երկրում սահմանադրական փոփոխություններով են զբաղված պետական այրերը, եւ այս ոլորտը օրենսդրական կարգավորման չեն ենթարկում, ուստի միմյանց վիրավորելու կեղտոտ ավանդույթը դեռ կշարունակվի: Ցավոք:
Հ. Գ. ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, իհարկե, փորձեց կեղծ էջերով միմյանց վիրավորելու երեւույթը կանխելու համար օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, բայց չստացվեց, քանի որ ձեւակերպումները այնպիսին էին, որ տուժում էին բարեխիղճ լրատվամիջոցները` ֆեյքերի համար գործունեության դաշտը նույնը թողնելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, հաղթեց դատարանում:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում գույքի արժեքը բռնագանձելու պայմանով: Նշենք, որ նախկին պատգամավորից բացի՝ դատարանում պատասխանողի կարգավիճակում է հայտնվել նաեւ «Էջմիածին կամուրջշին» ԲԲԸ-ն: Եւ որպեսզի անկանխատեսելի հետեւանքներ չլինեին, «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ: Եւ այդ միջնորդությունը դատավոր Հովհաննես Մելքոնյանը բավարարել էր:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով ինքնավստահ ասել էր, թե անհանգստանալու բան չունի. ««Բետարտշին» ՍՊԸ-ն, որի նախկին տնօրենը ես եմ եղել, ինձ ասում են, որ լինելով նախկին տնօրեն՝ իմ աշխատանքները ճիշտ չեմ իրականացրել, ու գույք է անհետացել: Արդյունքում դրա դիմաց 23.000 հազար դոլար գումար են պահանջում»:
Եվ, ահա, շուրջ մեկ տարի տեւած դատական քննությունից հետո՝ 2015թ հուլիսի 22-ին, Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանը որոշեց «Բետարտշին» ՍՊԸ-ի հայցը մերժել անհիմն լինելու եւ հայցային վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով: Ասել է թե՝ նախկին պատգամավորը հաղթեց դատարանում:

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել «Սարգիս Կարոլինա» ընկերության տուգանքներին: Ընկերությունը պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին:
Եվ այսպես՝ պարզել ենք, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Դավիթ Ներսիսյանը մաքսային մարմին հայտարարագիր ներկայացնելիս սխալ տվյալներ է գրել, իսկ ավելի ուշ ներկայացել է մաքսային մարմին՝ սխալը ուղղելու համար: Իսկ, ահա, ՀՀ ֆինանսների նախարարությունն էլ թույլ տված սխալի համար ընկերության լիազոր ներկայացուցչին տուգանել է 50.000 դրամի չափով:

 

ՍԱԿԱՎԱՄԱՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
«Ոտքի՛, Հայաստա՛ն» քաղաքացիական շարժումը երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացրել` «Ժողովուրդ»-ի «վստահության Կառավարություն» ձեւավորելու պահանջով: Հանրահավաքին մասնակցել են նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, սակայն նրանց թիվն այնքան էլ մեծ չի եղել:

 
ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ Մ. Սարգսյանը Երեւան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 23.08.2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ: Երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության ընթացքում ներկայացվել է տվյալ տարածքում տեղակայված տեսախցիկների՝ դեպքի օրվա տեսագրությունը:

 

ԳԱՍՊԱՐԻՆ` ՁԵՌՆԵՐԵՑ
Քչերը գիտեն, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին նաեւ ձեռներեց է: Նա ավտոմոբիլային սարքավորումներ ներմուծող եւ իրացնող VAL Automation ընկերության տնօրենն է: Վերջերս Գասպարին խնդրի առջեւ է կանգնել. «Թայվանից ներկրել եմ հեռակառավարման վահանակ, բայց ԱԱԾ-ն չի թույլատրում, որ վերցնեմ այն»,-«Ա1+»-ին պատմել է նա` նշելով, որ խնդիրը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն է: «Ինչ մտել ենք էդ կառույցը, բոլոր կոդերով ապրանքների ներմուծման համար ԱԱԾ-ի թույլտվությունն է պետք: Դա աբսուրդ է»: Օգոստոսի 14-ին Գասպարին դիմել է ծառայությանը՝ թույլտվություն ստանալու, սակայն ասել են՝ 15 օրից: «Արհեստականորեն երկարաձգում են»,-վստահ է նա:

 

ԵՐԿՈՒ ԶՈՀ
Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը եւ Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով կատարվում է քննություն:




Լրահոս