Ձեր խմբակցությունը գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, հետո ասում եք` դա օրինական չի եղել. Հովհաննես Սահակյանը` Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է  քննարկվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանին և հետաքրքրվեց, թե վերջինս ոնց է գնահատում այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների հեղինակ Սերժ Սարգսյանը չի ներկայանում քննարկումներին ու չի պատասխանում պատգամավորների հարցերին:

Պատգամավորը հետաքրքրվեց` նա այդպես էլ փակվա՞ծ կմնա Բաղրամյան 26-ում,  թե կգա ու կհայտնի, թե ինչու որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Հովհաննես Սահակյանն էլ պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է անցկացրել թե’ խորհրդարանական, թե’ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ և դա էլ հենց Փոստանջյանի հարցի պատասխանն է:

«Եթե որոշ քաղաքական ուժեր հակված չեն դա տեսնել, դա նրանց խնդիրն է: Գուցե չեն կարդում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որովհետև այդքան մտավոր ունակություններ չունեն, որ հասկանան, կամ էլ չեն կարդում, որովհետև շոուների սիրահար են: Ձեր խմբակցությունը գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, հետո ասում եք` դա օրինական չի եղել: Մի հատ նայեք ձեր նախընտրական ծրագրերը», – հավելեց Սահակյանը:

Սակայն Զարուհի Փոստանջյանը կրկին շարունակում էր պնդել, որ հարցեր ունի ՀՀ նախագահին:




Լրահոս