«168 ժամ» թերթը գրում է. «Սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղեւոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել եւ վճարում չի կատարել:
Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղեւոնդյանին, ինչպես նաեւ՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին:
ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ վարկային պարտավորությունների դիմաց երաշխավորներ են կանգնել ինչպես՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, այնպես էլ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, վարկի դիմաց գրավադրվել է Ղազանչյանի տիկնոջը պատկանող բնակարանը:
Ղարիբյանը նշեց նաեւ, որ այս պահի դրությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել միայն «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, իսկ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի եւ նրա տիկնոջ նկատմամբ «Առէքսիմբանկի» կողմից սնանկ ճանաչման պահանջի դեմ վերջիններիս իրավապաշտպան Վ. Ասատրյանի կողմից առարկություն է ներկայացվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: