ԽԱՉԻԿՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՊԱՊՈՅԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Վազգեն Խաչիկյանի ու եւս 12 ծառայողների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարությունն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցվել է քրգործ` յուրացման, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը կազմակերպված խմբով 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Բացի այդ` պարզվել էր նաեւ, որ Վ. Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանի հետ:
-Պարո՛ն Վարոսյան, քանի որ արդեն պատրաստ է Ձեր պաշտպանյալի մեղադրական եզրակացությունը, խնդրում եմ ասել՝ արդյոք Խաչիկյանը համաձայն է դրա հետ:
-Ուրեմն մեղադրական եզրակացության մեջ ներկայացված է այն, ինչ իրեն ժամանակին ներկայացվել էր որպես մեղադրանք: Խաչիկյանի դիրքորոշումը եւս չի փոխվել:
-Բայց Խաչիկյանն ի՞նչ կարծիքի է այդ եզրակացության մասին, համաձա՞յն է:
-Այդ փաստաթուղթը նույն մեղադրանք առաջադրելու փաստաթուղթն է, դրա կրկնությունն է, առաջադրած մեղադրանքի հետ պարոն Խաչիկյանը համաձայն չէ, նշանակում է, որ մեղադրական եզրակացության հետ եւս համաձայն չէ: Դատաքննության փուլում մեր դիրքորոշումը կհայտնենք: Քննություն կընթանա, ու կպարզվի ամեն ինչ:
-Արդեն որոշվա՞ծ է, թե երբ կկայանա առաջին դատական նիստը:
-Ո՛չ, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ դատավոր Մխիթար Պապոյանը գործն արդեն վարույթ է ընդունել: Դատավարական պրոցեսները սկսելու համար գոյություն ունեն դատավարական ժամկետներ, սահմանված կարգի համաձայն՝ գործն ընդունվում է վարույթ, նշանակվում է դատաքննություն, նոր դատական նիստերն են նշանակվում:
Հ.Գ. Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Հայկազ Խաչիկյանը, որը Ախթալայի քաղաքապետն է, չցանկացավ այս առիթով զրուցել «Ժողովուրդ»-ի հետ: Մեր հարցին, թե ինքը տեղյակ է արդյոք Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունից, ասաց. «Ո՛չ, տեղյակ չեմ» ու անջատեց հեռախոսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս