Խաչվերացը` Վանաձոր քաղաքի օրհնության օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Խաչի տոնը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օրը հայտարարվեց որպես Վանաձոր քաղաքի օրհնության օր: Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր և Վանաձոր քաղաքն այս առումով բացառիկ է: Խաչվերացի տոնին քաղաքի օրհնության օրվա հաստատումը ոչ միայն Սուրբ Խաչի խորհրդի պանծացումն է, այլև հնարավորություն է քաղաքի բնակիչներին` տարին գոնե մեկ անգամ ի մի գալու ի հոգևորս և Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի բնակչության հոգևոր անվտանգության, պահպանման և միասնության համար:

Տոնի առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեցին թեմի բոլոր գործող եկեղեցիներում, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հանդիսապետությամբ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Տոնին նվիրված բուն արարողությունները սակայն սկսվեցին երեկոյան:

Թեմի բոլոր այն ծուխերում, որտեղ կան հոգևոր հովիվներ և գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ, կազմակերպվեցին խաչերթեր: Վանաձորում խաչերթը խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ և մասնակցությամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի` «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով սկիզբ առավ Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ եկեղեցի, ուր խաչերթի մասնակիցները ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունը: Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները և ուխտավորներ:

Եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, Սրբազան Հոր առաջնորդությամբ` կազմվեց խաչի թափոր, իրականացվեց անդաստանի կարգ, որով թափորապետը օրհնեց աշխարհի չորս ծագերը և Վանաձոր քաղաքը` բարեկարգություն և խաղաղություն հայցելով Աստծուց:
Այսուհետ ամեն տարի՝ Խաչվերցին Վանաձորը կտոնի իր օրհնության օրը, իսկ քաղաքի պահապանը կլինի Սուրբ Խաչը:




Լրահոս