“Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խմբի այցելության պահին 46 ծանր եւ առանձնապես ծանր հիվանդ էր հաշվառված:
ՄԻՊ գրասենյակի աշխատանքային խմբի անդամները արձանագրել են, որ ՔԿՀ-ում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի եւ մեկ բուժակի կողմից, ինչը անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում պատշաճ բուժօգնություն տրամադրել հիվանդներին:
Մեծ խնդիր է նաեւ քրեակատարողական հիմնարկում թափուր հաստիքները, որոնց դիմող անձինք, մի առ ժամանակ աշխատելուց հետո, հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձը չափազանց ցածր է, իսկ աշխատանքը բավական ծանր ու վտանգավոր: Իսկ հավելավճարով վարձատրվում են միայն բժշկական անձնակազմից վտանգավոր աշխատանք կատարող բուժաշխատողները (ինֆեկցիոն եւ նարկոլոգիական բաժանմունքների բուժ աշխատողները 100 տոկոս դրույքաչափով ավել եւ տուբերկուլյոզային, հոգեբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքների բուժ աշխատողները 50 տոկոս դրույքաչափով): Այստեղ հարկ է նշել, որ չնայած վիրաբույժը վերը նշված անձանց բուժմանը չի մասնակցում, այնուամենայնիվ, նրանց վիրահատությունները հենց ինքն է իրականացնում, սակայն այդ արտոնությունից չի օգտվում: Այդ իսկ պատճառով փորձագիտական խմբի կարծիքով ռիսկային խմբի մեջ պետք է ներառվեն նաեւ վիրաբույժները, ատամնաբուժական ծառայության, ինչպես նաեւ ծառայողական ոչ բժշկական անձնակազմը /հսկիչը եւ այլն/:
Ըստ վիճակագրական տվյալների հիվանդանոցում անցած տարիների համեմատությամբ ավելացել է թմրանյութերից կախվածությամբ հիվանդների թիվը: Ավելացել են նաեւ ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը ներկա պահին 21 է, տուբերկուլյոզով հիվանդների թիվը` 38:
Շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ տարբեր են, կախված կարգավիճակից:
Աշխատանքային խմբի հետ առանձնազրույցի ընթացքում “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ի որոշ դատապարտյալները գանգատվել են խցերի պայմաններից` նշելով, որ իրենց հիվանդասենյակում միջատներ են վխտում եւ իրեն թույլ չեն տալիս, որեւէ դեղ բերել, քանի որ իր սենյակակիցը ինքնասպանության փորձ է արել, խմելով այդ դեղերից, սակայն վարչակազմն էլ որեւէ միջատասպան գործողություն չի նախաձեռնում:
ՔԿՀ-ում չկա գործող գրադարան, իսկ նախկինը գտնվում էր վիրաբուժական մասնաշենքի նկուղում, որտեղ մտնելն անհնարին է:
Խնդիր էր նաեւ խոհանոցի հարցը, որը գտնվում էր շենքից դուրս` մեկ այլ մասնաշենքում եւ ձմռան ամիսների կամ վատ եղանակին դատապարտյալները` անկախ հիվանդության տեսակից, դատապարտյալները պետք է սնունդը տաքացնելու համար հասնեն խոհանոց: Դեպքեր են եղել, երբ ձմռանը դատապարտյալը սայթաքել է եւ կոտրել մարմնի որոշ մասեր:
ՔԿՀ-ում առկա մյուս խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու նպատակով փորձագիտական աշխատանքային խումբը եւս մեկ անգամ կայցելի “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ: