Նախօրեին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Եթե մերժում եք այն կարծիքը, թե մեր ժողովրդի վաստակը քչերինն է, հնչեցրե՛ք ձեր ձայնն այս ընտրություններում: Եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլեւս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին: Եթե ընդունում եք, որ մեր երկիրը նոր տնտեսության, լավ վարձատրվող աշխատատեղերի կարիք ունի, եթե հավատում եք, որ պիտի ապրենք արդար երկրում, չմնաք տանը, գնացե՛ք ձեր ընտրության հետեւից»:
Վերհիշելով 2008 թվականը՝ Ս. Սարգսյանը նշեց. «Սակայն այլ ելք չունեի: Հայաստանի վերքերը խորն էին: Ժամանակները փոխվել են, փոխվել է երկիրը, փոխվել եմ եւ ես»: Ս. Սարգսյանը խոսեց նաեւ իր սխալների մասին. «Ցավում եմ իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել, եւ որոնց մասին ինձնից ավելի ոչ ոք չգիտի»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է մի քանի գործարարների հետ՝ պարզելու նրանց կարծիքը. իսկապե՞ս մեր երկիրը հարուստների ձեռքին պատանդ է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ (Բռլիանտի Արշակ)
-Պարո՛ն Մխիթարյան, համամի՞տ եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ այսօր մեր երկիրը պատանդ է հարուստների ձեռքին:
-Չեմ ուզում մեկնաբանել, նախագահական ընտրություններից հետո նոր այդ հարցերին կպատասխանեմ: Դե որ նախագահն ասել է, ուրեմն մի բան գիտի, որ ասում է: Ճիշտն ասած, այդ հարցի շուրջ այդքան խորը չեմ մտածել: Նոր, առաջին անգամ լսում եմ: Նախագահական ընտրություններից հետո Ձեր մյուս հարցերին կպատասխանեմ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (Բուռնաշ)
-Պարո՛ն Աղաբաբյան, ըստ Ձեզ՝ այսօր մեր երկիրը հարուստների ձեռքին պատա՞նդ է:
-Դուք ինձ հիմա հարուստի տե՞ղ եք դրել, թե՞ որպես պատգամավոր եք այդ հարցն ուղղում:
-Խնդրում եմ, որպես պատգամավոր՝ Ձեր տեսակետը հայտնեք այդ հարցի շուրջ:
-Եթե ասել է, ուրեմն ճշմարտություն կա դրա մեջ:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, այդ ճշմարտությունը:
-Բիզնեսմենը դեռ շատ փոքր է հարուստ կոչվելու համար, եթե բիզնեսմեն է, ուրեմն հարո՞ւստ է: Հարուստները նրանք են, ում շրջանառու միջոցները դրսում են: Հայաստանի բիզնեսմենները իրենք աշխատանք են ստեղծում, իսկ իմ կարծիքով՝ հարուստն ինչ ունի-չունի, համարյա թե դրսում է: Ինչ-որ մի բան դե ես էլ ունեմ, տուն եմ պահում, տեղ եմ պահում, աշխատատեղեր եմ ստեղծել, իմ միջավայրն ունեմ՝ ես ունեմ բանվորից, հավաքարարից մինչեւ գլխավոր ինժեներ… մենք ապրում ենք մեր կյանքով: Իմ կարծիքով՝ դրսից են հարուստ լինում, ներսում ո՞վ կա: Դրսում այնքան մեծ կապիտալ է պտտվում…
ԱԺ նախկին պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Ճոյտ)
-Պարո՛ն Հակոբյան, տեղյա՞կ եք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մեր երկիրը մի քանի հարուստների ձեռքին պատանդ է: Համամի՞տ եք Ձեր առաջնորդի հետ:
-Իհարկե դա էդպես է:
-Իսկ, ըստ Ձեզ, ովքե՞ր են մեր երկրի հարուստները, որոնք իշխում են:
-Դե այդ հարցին կարող են պատասխանել այն մարդիկ, որոնք ուսումնասիրում են այդ մարդկանց ունեցվածքը: Այնպիսի մարդիկ կան, որոնք կոնկրետ պետական ապարատում աշխատելու ընթացքում են հարստացել: Խոսքը չի վերաբերվում այն մարդկանց, որոնք բիզնեսներ ունեն: Այդ մարդիկ ունեն բիզնեսներ, դրանով են հարստացել, բայց այն մարդիկ, որոնք չունեն ոչինչ, պետական աշխատանքի շնորհիվ դառնում են միլիոնատեր, ես դրա մեջ եմ ամեն ինչ գտնում՝ բացասականը:
-Դուք Ձեզ այդ հարուստների թվին դասո՞ւմ եք:
-Իհարկե ո՛չ: Եթե ուզում եք՝ Հայաստանում գտնվող հարուստին համեմատենք այլ երկրի հարուստների հետ, ապա մենք հարուստներ չունենք: Այս երկրում այդքան շատ կապիտալ չկա, որ կարողանանք համեմատել այլ երկրների հարուստների հետ:
-Եթե մենք հարուստներ չունենք, այդ դեպքում ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:
-Եթե նախագահը խոսում է, այսօր նա ամենաինֆորմացված մարդն է, հանրապետության նախագահն է, ուրեմն հստակ, կոնկրետ ուղղվածություններ ունի: Ակնարկ է անում, որ տեսե՛ք, ժողովո՛ւրդ, ընտրություններից հետո մենք չենք հանդուրժելու այդ ամեն ինչը, այդ հարուստները, որ հարստացել են, ենթադրենք, տարբեր եղանակներով, ոչ օրինական ճանապարհով, նրանց նկատմամբ պետք է պատիժ լինի: