ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼԸ՝ «ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈ՞ՒՅԹ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Մխիթար Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 15-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Գետահովիտ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Արման Ենգիբարյանի եւ Երեւանի բնակիչ, 1988թ. ծնված Սարգիս Արաբաջյանի հետ, վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցից բռնություն գործադրելով բացահայտ առեւանգել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 18-ամյա բնակչուհի Ո. Ա.-ին: Երեք երիտասարդներն էլ նախկինում դատված չեն եղել: Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առեւանգելը): Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրգործով դատական առաջին նիստը նշանակված է փետրվարի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:  Ցավալի է, որ 21-րդ դարում Հայաստանում դեռեւս գործում է «աղջիկ փախցնելու» նահապետական արատավոր սովորույթը: Առանց հարցնելու աղջկա կամքը՝ փորձում են նրան իրենց կյանքի ուղեկիցը դարձնել: Նշենք, որ նման մի դեպք  էլ վերջերս եղել էր Դիլիջանում, որի 4 բնակիչներ, նախապես պայմանավորվելով, Վանաձոր տանող ճանապարհին աղջկան նստեցրել էին երիտասարդներից մեկի  «Օփել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան եւ տարել Լոռու մարզի Յաղդան գյուղ՝ «փեսացուի» բարեկամի տուն: Հունվարի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը նախկինում չդատված 4 երիտասարդներին դատապարտել էր 4-ական տարվա ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածը՝ վճռել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան:




Լրահոս