Երեկ թերթին հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` “խոզի գրիպի” հետևանքով մահվան ևս 4 դեպք:
Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիոյի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր H1N1 վիրուսի հետևանք լինել:
Ինչ վերաբերում է թարմ դեպքերին, ապա “ՀԺ”-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Ըստ այդմ, H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր:
Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Նրա բարեկամներից մեկը թերթի հետ զրույցում պատմել է, որ հղիի մոտ երիկամային խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է,Էրեբունիե բժշկական կենտրոն: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կինը դուրս է գրվել, բայց շուտով նրա մոտ գրիպանման երևույթներ են նկատվել, ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Դարձյալ հոսպիտալացվել է. ինչից հետո բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ առկա է խորը թոքաբորբ:
Օրեր անց նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հենց նույն օրը արձանագրված է եղել խոզի գրիպից մահվան մեկ դեպք: 24-ամյա կնոջ հարազատի խոսքով` դրանից հետո բժշկական կենտրոն են այցելել ՀՀ գլխավոր վարակաբանն ու հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ: Անալիզներ են վերցրել նաև իրենց հիվանդից, իսկ հետո հայտարարել արդյունքները` խոզագրիպ չկա, այլ միայն` թոքաբորբ: Հարազատների կարծիքով, թերևս մոր ընդունած հակաբիոտիկների պատճառով, փետրվարի 14-ին մահացել է դեռ չծնված երեխան, իսկ փետրվարի 18-ին` մայրը: Ու չնայած բժիշկները H1N1 վիրուսի առկայության մասին հիվանդ կնոջն ու հարազատներին ոչինչ չեն ասել, բայց նրա մահվան թերթիկում նշվել է H1N1 վիրուսը: Թերթը հավելում է նաև, որ թեև հարազատները ցանկություն են ունեցել մահացած կնոջ հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպել մեկական օր ուշ, սակայն, ըստ նրանց, դիահերձարանից դա արգելել են` հորդորելով չուշացնել թաղումը: Նաև դիակը պահվել է փակ դագաղում, որպեսզի հարազատները չվարակվեն: Սա արդեն ուշագրավ է` հաշվի առնելով, որ վերը նշված նախկին երկու դեպքերից մեկի ժամանակ էլ դիակը պահվել է փակ դագաղում` հարազատներին թույլ չտալով մոտենալ: