ՀՀ Զինված ուժերին մատակարարված գոմեշի մսի գործով երեկ ձերբակալվել են N զորամասի պարենային պահեստարանի պետը ու հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, այս մասին Tert .am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը և ավելացրեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է:
Նա նաև նշեց, որ սույն անձինք մեղադրվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ (Քր. Օր. 376-րդ հոդված):
Հիշեցնենք, որ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում՝ գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով, (ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով), առ այսօր կար մեկ մեղադրյալ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում մսի արտադրությամբ զբաղվող “Օհանջանյան” ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը:
Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, վկայի կարգավիճակ ունեցող գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: