Հայաստանում երեկ իսկապես աննախադեպ իրավիճակ էր. շատ տեղամասերում դե ֆակտո հաղթանակած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել՝ հայ ժողովուրդը արժանի է դե յուրե նախագահության»:
Եթե ամբողջացնելու լինենք երեկ երեկոյան ծավալված իրադարձությունները, պետք է արձանագրենք, որ չնայած տարաբնույթ խախտումներին, համատարած հուսալքության մթնոլորտին ու քաղաքական հիմնական դերակատար ուժերի հայտարարած բոյկոտին, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացին հերթական անգամ իր քվեարկությամբ մերժեց գործող ռեժիմին:
ՀՀ-ում 2.505.980 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցեցին 1.518.407-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 60.05%-ը: Ամենացածր մասնակցությունը գրանցվեց Երեւանում՝ 53.99%: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրեց Արարատի մարզը՝ 73.92%: Այնուհետեւ Գեղարքունիքը՝ 69.06%: Տավուշում մասնակցեցին 65.73%-ը, Սյունիքում՝ 65.50%-ը, Արագածոտնում 63.60%-ը, Վայոց Ձորում՝ 62.65%-ը, Լոռիում՝ 60.15%-ը, Կոտայքում՝ 59,15%-ը, Շիրակում՝ 57.92%-ը, իսկ ամենացածրը Արմավիրում՝ 56.92%-ը:
ՀՀ խոշոր քաղաքներում եւ մայրաքաղաքում գրեթե բացարձակ հաղթանակ տարավ Րաֆֆի Հովհաննիսյանը, հետո Սերժ Սարգսյանն էր, իսկ երրորդ տեղում՝ Հրանտ Բագրատյանը: Սակայն ԿԸՀ-ի հրապարակած թվերով Սարգսյանն էր ջախջախիչ հաղթանակ տարել:
Արդեն ժամը 20:00-ից հետո ահազանգ ստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից, թե նրա վստահված անձանց ծեծում են, բոլոր բարեկամները կարող են գնալ տեղամասեր: Այդ ընթացքում համացանցում տեղեկություններ էին գալիս տարբեր տեղամասերից, որ Ր. Հովհաննիսյանը փաստացի հաղթանակ է տանում Ս. Սարգսյանի նկատմամբ: Իսկ հեռուստաընկերությունները տեղեկացնում էին, թե Սարգսյանն է հաղթում: ՀՀԿ շտաբում էլ արտաքուստ ցույց էին տալիս, թե քեֆ-ուրախության մթնոլորտում են, սակայն իրականում լուրջ մտահոգված էին Րաֆֆու ստացած ձայներից:
Ու մինչ մյուս թեկնածուները դիտորդների պես հետեւում էին իրադարձություններին՝ առանց կենդանության նշանների, իշխանությունները սեպարատ բանակցություններ սկսեցին Րաֆֆու թիմի հետ, որպեսզի հնարավոր լիներ գոնե արձանագրությունները փոխել եւ ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը (շատ տեղերում (օր. Քանաքեռ-Զեյթունում) դա արվում էր ստիպողաբար): Արդյունքում՝ ուշ գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս հրավիրեց եւ իրեն բնորոշ անհասկանալի ձեւակերպումներով փորձեց իրավիճակը մեղմել՝ կոչ անելով վստահված անձանց բարեկամներին չգնալ տեղամասեր ու չենթարկվել սադրանքների:
«Հայ ժողովուրդը հաղթանակել է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դուք գիտեք, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին՝ գործող նախագահին՝ այն ավանդի համար, որ ինքը ունեցել է արցախյան ազատամարտում: Ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Բայց հենց ինքն է, որ այսօր արդեն պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: Ոչ թե Րաֆֆին է հաղթել, եւ Սերժը՝ պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել: Հայ ժողովուրդը շատ հստակ է խոսում Վանաձորում, Սյունիքում, Գյումրիում, ասում է, որ սա մեր պետությունն է, մեր հայրենիքը: Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել՝ հայ ժողովուրդը արժանի է դե յուրե նախագահության: Ես այլեւս հորդորով հանդես չեմ գա: Ժողովուրդը խոսում է, խոսել է եւ քվեարկել է: Պարզապես ասում եմ՝ նախագահի թեկնածու լինի, գեներալ, հրամանատար, մարզպետ, թե գյուղապետ՝ ով խեղում է հայ ժողովրդի եւ քաղաքացու ձայնը՝ պատասխան է տալու: Ինձ համար կարեւոր չէ՝ ՀՀԿ է, թե ՀԱԿ, թե «Ժառանգություն»՝ բոլորը պատասխան են տալու: Օլիգարխ է, հերոս է, թե շարքային, նախագահ է ներկա, թե նախկին՝ պատասխան են տալու: Հայ ժողովուրդն առաջին անգամ որոշեց ունենալ իրեն պատկանող իշխանություն: 5 տարի հետո ես վերընտրության չեմ գնալու: Պիտի ունենանք ազատ, արդար ընտրություններ, եւ ես իշխանությունը փոխանցելու եմ նոր սերունդին»,-ասաց Ռ. Հովհաննիսյանը:
ՐԱՖՖԻՆ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՁԱՅՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ