Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ուխտավոր մուսալեռցիներն այցելեցին Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անունը կրող դպրոց:
Հյուրերը նախ ծանոթացան դպրոցի հիմնադրման պատմությանը, ապա շրջայց կատարեցին կրթօջախում: Զրուցեցին աշակերտների, ուսուցիչների հետ, պատասխանեցին երկուստեք հետաքրքրող հարցերի:
Այնուհետև դպրոցի հանդիսությունների սրահում աշակերտները ներկայացրին հատվածներ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի բեմականացումից:
Ներկայացումից առաջ ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Աղավնի Վեզիրյանը. «Սիրելի՛ մուսալեռցիներ, անչափ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու այս կամարների ներքո: Գիտեմ՝ Դուք այստեղ եք եկել արյան կանչով, եկել եք միասին և մեծ շուքով տոնախմբելու Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակը, ևս մեկ անգամ ոգեկոչելու նահատակված հայորդիների անմահ հիշատակը: Վստահեցնում եմ, որ մեր դպրոցը նույնպես ապրում է Մուսա լեռան ոգով ու շնչով»:
Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ֆրանց Վերֆելի անվան դպրոցի տնօրինությանը: Մեջբերելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի խոսքը, թե՝ «Մուսալեռցիները հայ ժողովրդի հացը շաղախելու թթխմորն են»,- հավելեց. «Միշտ և ամենուր պետք է հպարտ լինենք հայ լինելու և, հատկապես, մուսալեռցի լինելու համար»:
Միջոցառմանը ներկա էր նաև Մուսալեռի հոգևոր հովիվ Տեր Գեղամ քահանա Քեսաբլյանը, ով Տերունական աղոթքով եզրափակեց ցերեկույթը:
Այնուհետև ուխտավորների խումբը շարժվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: