Կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆի հետ զրուցեցինք 17:30-ի սամաններում: Պարոն Գեւորգյանը դեռ չէր գնացել քվեարկելու, սակայն մեզ հավաստիացրեց, որ պատրաստվում է մասնակցել ու կատարել իր պարտքը:
-Ի՞նչ եք կարծում, թեկնածուներից ո՞վ կհաղթի:
-Ասում են՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, բայց երբ գալիս է ընտրությունների օրը, բոլորը, չգիտես ինչու, քաղաքական հարցերի պատասխաններն ակնկալում են մշակույթի մարդկանցից:
-Պարո՛ն Գեւորգյան, բայց Դուք առաջին հերթին ՀՀ քաղաքացի եք:
-Որպես քաղաքացի՝ ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի մաքուր, բարեկեցիկ, մեր երեխաների համար լինի հիանալի միջավայր, վերջապես դառնանք այնպիսի երկիր, որ նույնիսկ օտարները ցանկանան ապրել մեր երկրում: Մենք բոլորս անելու շատ բան ունենք, բայց մեր մեղքը միշտ ուրիշների մեջ ենք փնտրում:
Եթե վաղը մեր նախագահը Հռոմի պապն էլ դառնա, միեւնույն է, շատ բան մեզանից է կախված: Մենք պետք է մեր երկիրը կառուցենք, ինքներս մաքրվենք, չլինենք կաշառակեր, հանցագործ: Մենք ինքներս պիտի մաքրենք մեր քաղաքը: Ցանկացած երկրի քաղաքապետ չի կարող ժամը մեկ քաղաք մաքրել, այդտեղից պետք է սկսենք:
Հիմա ում ուզում եք ընտրեք, մեզանից է կախված շարունակությունը: Սակայն մենք սպասում ենք, որ մեր փոխարեն ուրիշներն անեն: Անկախ նրանից՝ ում էլ որ ընտրեմ, այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ մենք անելիք շատ ունենք: Մենք պետք է մեր երկրի տերը դառնանք:
-Ամեն ինչ չէ, որ միայն մեզանից է կախված:
-Դրա համար էլ ասում եմ` բոլորիցս: Եթե մեր երեխան պետք է ապրի այս երկրում, ուրեմն երկիրը պետք է մաքուր լինի, ազնիվ ու հզոր: Եվ այսօր կարեւորներից կարեւոր հարցը, որ գոյություն ունի, մեր անվտանգության հարցն է: Աստված մի արասցե, կարելի է պանիր ու հաց ուտել, սոված էլ ապրել, բայց երանի պատերազմ չլինի, որովհետեւ պատերազմի ժամանակ մենք ունենում ենք անդառնալի կորուստներ: Եթե խաղաղ են պայմանները, ամեն ինչ հնարավոր է անել: Իսկ գտնվելով թշնամիների արանքում՝ իրավունք չունենք սենտիմենտալ բաների մասին մտածել:
-Տեսնո՞ւմ եք արժանի թեկնածու:
-Հարգում եմ Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին էլ, մնացածին չեմ ճանաչում: Նախագահին ճանաչում եմ 10 տարուց ավելի, Պարույր Հայրիկյանի հետ Արարատ եմ բարձրացել, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ, երբ փողոցում կամ տարբեր միջոցառումներին հանդիպում ենք:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ե. Ռ.