«Ա՛Յ ԱՅՍՊԵՍ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի ընտրություններն արդեն հետեւում են, քաղաքում տիրող եռուզեռը կարծես հանդարտվել է, բայց դեռ չեն հանդարտվել գյումրեցիների կրքերը, որոնք ընտրություններ բառը լսելիս շտապում են իրենց խոսքն ասել. «Րաֆֆին մենակ մեր մարզում չէր հաղթել, նա հաղթել էր Հայաստանի ողջ տարածքով», «Ո՛չ ցուցակագրումը, ո՛չ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսները չփրկեցին Սերժին, գյումրեցին եւ առհասարակ մարզի բնակչությունը ցույց տվեց՝ ա՛յ այսպես են ընտրում»: Շիրակի մարզում ընդգրկված 4 ընտրատարածքներում` 33, 34, 35 եւ 36, ըստ նախնական տվյալների, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 67,805 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 56,729 ձայն: Այս 4 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է 132,939 ընտրող: Անվավեր է ճանաչվել 4768 քվեաթերթիկ: «Սրտներդ մաքրե՛ք, հոգիներդ մաքրե՛ք, լա՛վ գործ արեք», «Ռոբերտ Քոչարյան» կամ քվեաթերթիկի մեջ 8-րդ կետի ավելացում. «Բոլորին դեմ եմ»` ահա այսպիսի մակագրություններով մարդիկ ցանկացել էին իրենց դժգոհությունն արտահայտել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ քվեների հաշվարկը դեռ չավարտված` Ր. Հովհաննիսյանի հաղթանակը մարզում խուճապի էր մատնել այս կամ այն ընտրատարածքի պատասխանատուին, հանձնաժողովի նախագահին կամ անդամին: Նրանք անընդհատ կապի մեջ էին եղել տարբեր ընտրատեղամասերի իրենց ծանոթ-բարեկամների հետ ու մոտավոր տվյալներ իմացել: Նրանց բոլորի մտահոգությունն այն էր, թե ինչ է լինելու ընտրությունների նախնական արդյունքները հայտնելուց հետո, եւ ով ինչ «բախտի» է արժանանալու: Մինչ լուսաբաց վառ են եղել Շիրակի մարզպետարանի լույսերը, շենքի կառույցի դիմաց խմբված են եղել բազմաթիվ մեքենաներ: Ամենայն հավանականությամբ, ներսում քննարկվել են ընտրությունների նախնական արդյունքները:
«Մեզի ի՞նչ կա, թող մտածեն էն մարդիկ, որոնք աշխատել ու խոստացել էին ինչ-որ քանակությամբ ձայներ ապահովել այս ընտրություններում: Երեւի տեղի իշխանությունները գիտեին, որ այսպես է լինելու, հակառակ դեպքում ընտրություններից մեկ-երկու օր առաջ այդպես ինտենսիվորեն գումար չէր բաժանվի»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց գյումրեցի տիկին Անահիտը:
Ի դեպ, նշենք, ընտրությունների արդյունքների հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար տեղի պաշտոնյաների հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը զուր անցան: ՀՀԿ մարզային շտաբի ղեկավար Սահակ Մինասյանն աշխատավայրում չէր, չհաջողվեց կապ հաստատել նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Ս. Բալասանյանի հեռախոսն անջատված էր, իսկ Ա. Գիզիրյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս