Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ-ում 2,505,980 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցեց ընտրողների ընդհանուր թվի 60,05%-ը: Ամենացածր մասնակցությունը գրանցվեց Երեւանում՝ 53,99%: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրեց Արարատի մարզը՝ 73,92%, հետո Գեղարքունիքը՝ 69,06%: Տավուշում մասնակցեց 65,73%-ը, Սյունիքում՝ 65,50%-ը, Արագածոտնում՝ 63,60%-ը, Վայոց Ձորում՝ 62,65%-ը, Լոռիում՝ 60,15%-ը, Կոտայքում՝ 59,15%-ը, Շիրակում՝ 57,92%-ը, իսկ ամենացածրը Արմավիրում՝ 56,92%-ը:
“Ժողովուրդ”-ը զրուցել է մի քանի մարզպետերի հետ՝ պարզելու, թե ինչու նման պատկեր գրանցվեց մարզերում:
Կոտայքի մարզպետ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
–Պարո՛ն Շահգալդյան, փաստորեն, Ձեր մարզը եւս աչքի է ընկնում վատ ցուցանիշով: Դա սպասելի՞ էր:
-Իսկ ո՞նց եք դա որոշել:
-Պաշտոնական թվեր են հրապարակվել, Դուք Գեղարքունիքին զիջում եք:
-Իսկ դու ինչո՞ւ ես համեմատության մեջ դրել, Կոտայքի տված ձայները բացարձակ թվով դրեք Գեղարքունիքի տված բացարձակ թվի հետ, համեմատեք: Իմ կարծիքով՝ Կոտայքը շատ բարձր ձայներ է ապահովել՝ 83 հազար ձայն:
-Հիմա Դուք ուզում եք ապացուցել, թե Կոտայքի մարզում ՀՀԿ-ն բարձր ցուցանիշնե՞ր է գրանցել:
-Շատ քաղաքակիրթ ընտրություններ են եղել, թափանցիկ, արդար, մեր թեկնածուն էլ հավաքել է անհրաժեշտ քանակության ձայներ Կոտայքի մարզում: Որեւէ այլ բան չկա, իրականությունը դա է:
-Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից, չի՞ բարկացել Ձեզ վրա:
-Բացարձակապես, շատ նորմալ ընտրություններ են եղել:
–Այսինքն՝ պատի՞ժ էլ չի սպասվում Ձեզ:
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Երեւում է՝ շատ բացասական եք տրամադրված, ինչի՞ պետք է պատիժ սպասվի:
–Բայց ինքներդ էիք խոստանում, որ շատ բարձր ցուցանիշ եք ապահովելու:
-Ես այդպիսի բան չեմ խոստացել: 83 հազար ձայնը համարում եմ շատ բարձր ցուցանիշ: Այսքանը: Ավել ոչ մի բան չեմ ցանկանում խոսել:
Արմավիրի մարզպետ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
–Պարո՛ն Ղահրամանյան, Ձեր ղեկավարած մարզում ամենացածր ցուցանիշն է գրանցվել մասնակցության առումով:
-54,8%-ը քի՞չ է:
-Երբ համեմատում ենք մյուս մարզերի հետ, այո՛:
-Դեմոկրատական ընտրություններ էին, եթե վստահություն չլիներ, 50 տոկոսից ավելի ձայն չէին տա Հանրապետական կուսակցությանը: Դուք ինձ թվերը մի՛ ասեք, ես տեղյակ եմ այդ թվերից ու գտնում եմ, որ բավարար է:
-Իսկ ՀՀԿ առաջնորդը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքներից:
-Դուք իրե՛ն հարցրեք, որեւէ զրույց այդ առիթով չի եղել:
–Կարծում եք՝ մասնակցության այդպիսի ցածր ցուցանիշի համար Ձեզ պատիժ չի՞ սպասվում:
-Մեր երկրի նախագահը ցածր ցուցանիշների համար չի պատժում: Այսքանը:
Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
–Պարո՛ն Նալբանդյան, ինչո՞ւ է Ձեր մարզում եւս վատ ցուցանիշ գրանցվել, ըստ Ձեզ՝ ժողովուրդը հիասթափվա՞ծ է ՀՀԿ-ից:
-Շատ ցածրը մի քիչ հարաբերական է, ես կասեի, որ մեր մարզի համար դա շատ լավ ցուցանիշ է: Ազգային ժողովի ընտրություններին մենք կուսակցության մասով ավելի ցածր էինք: Հիմա 7 հազար ձայն ավել ենք հավաքել: Իսկ ո՞վ է ասում, որ նախագահական ընտրություններին 100 տոկոսով ընտրեն:
-Արձանագրվեց, որ ընտրությունները կրկին անցան ընտրախախտումներով եւ ընտրակեղծիքներով, համամի՞տ եք:
-Մեր մարզում ոչ մի ընտրակեղծիք ու ընտրախախտում չի եղել, եւ այդ լուրերը, որոնք սկսեցին շրջանառվել, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքներից:
-Կարծում եմ, որ ես լիարժեք կատարել եմ իմ աշխատանքը:
–Արդեն շնորհավորե՞լ եք Ս. Սարգսյանին: Որոշ մարզպետեր անձամբ են շնորհավորել:
-Ո՛չ, դեռ առիթներ կունենամ ու կշնորհավորեմ:
Սյունիքի մարզպետ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Պարո՛ն Խաչատրյան, գո՞հ եք ընտրություններից, Ձեր մարզն այնքան էլ բարձր ցուցանիշ չարձանագրեց:
-Քիչ ցուցանիշ չէ, Ազգային ժողովի ընտրություններից բարձր է, ամեն ինչն էլ շատ լավ էր, ու գոհ եմ ամեն ինչից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 483 համար