ՄԵՔԵՆԱ ԿԱՅԱՆԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ. ՖՈՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթն օրերս Երեւանի քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ Մ. Խորենացու փողոցում գտնվող Երեւանի ոսկու շուկայի մոտ մեքենա կանգնեցնելու տեղ չկա: Բոլոր կայանատեղիները նախապես զբաղված են, իսկ բուն ոսկու շուկայի նկուղում գտնվող ավտոտնակից օգտվում է միայն շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը:
Խմբագրություն ահազանգած բնակիչը նկարագրեց, որ ինքն աշխատանքի բերումով հաճախ է գնում այսպես կոչված “բաղնիքի ոսկու շուկա”: “Ավելի քան մեկ ժամ տեղ եմ փնտրում, որ կայանեմ մեքենան: Ու դեռ մենք սովոր ենք այդ վիճակին: Երբ որ անծանոթ մարդիկ են գալիս՝ հատկապես մարզերից, շատ հաճախ սխալ տեղ են կայանում մեքենաները: Իսկ երբ շուկայից դուրս են գալիս, տեսնում են, որ իրենց մեքենան չկա. ճանապարհային ոստիկանները տարել են: Հետո ստիպված են լինում տուգանային հրապարակում համապատասխան տուգանքը վճարելուց հետո վերցնել մեքենան”,-վրդովված նկարագրեց մեզ ահազանգած 35-ամյա Կարենը:
“Ժողովուրդ”-ը գնաց ահազանգի հետքերով եւ պարզեց, որ իրավիճակն ավելին է, քան նկարագրվածը: Մեքենաները կայանված են անգամ մայթերին: Ու այդ փոքր հատվածում գտնվող ավտոկայանատեղիների համար գումար հավաքող մարդիկ էլ նախապես տրված պատվերների շրջանակներում են աշխատում: Նրանք բացառապես իրենց ծանոթներին են հնարավորություն տալիս կայանել ազատ վայրերում: Մի խոսքով, իսկական քաոս: Ու սա մայրաքաղաք Երեւանում:
Իսկ դեպի ոսկու շուկայի նկուղ տանող ավտոճանապարհը հատուկ հսկվում է տնօրեն Վաղարշի “նազիր-վեզիրների” կողմից, որոնք արգելում են ցանկացած մեքենայի մուտքը նկուղի ավտոկայանատեղի: Այնտեղ իրավունք ունեն մտնել միայն Վաղարշի 4-5 գերթանկարժեք ավտոմեքենաները:
“Ժողովուրդ”-ը, իհարկե, փորձեց իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալ ոսկու շուկայի տնօրինությունից, բայց անօգուտ: Մեզ չհաջողվեց անգամ հասնել “մեծն Վաղարշի” մոտ: Մենք դեռ էլի կանդրադառնանք այս թեմային:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս