Մամուլի ազատությունը, ամեն ինչից զատ, ենթադրում է բարոյականություն, որն էլ իր հերթին ենթադրում է պատասխանատվություն: Ցանկացած լրագրող ազատ է այնքան, քանի դեռ իր ազատությամբ չի սահմանափակել որեւէ մեկի ազատությունը: Սակայն ազատ մամուլին՝ որպես բացահայտող ուժի, ամեն կերպ փորձում են սահմանափակել: Վերջին շրջանում, ինչպես նկատում ենք, նորից սկսվել են հարձակումները մամուլի դեմ, եւ կրկին փորձ է արվում, դրամական ճնշումների ենթարկելով, լռեցնել ազատ խոսքը:
ՀԱՐՑ. Բարոյական ի՞նչ գնահատական կտաք այս իրավիճակին:
ՊԱՏԱՍԽԱՆ. ԶԼՄ-ների դեմ ցանկացած ոտնձգություն պետք է փորձել ամեն կերպ կանխել: ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները եւ մամուլը այս կամ այն ձեւերով լռեցնելու տարատեսակ փորձերը համարում եմ անընդունելի:
ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆ
“Armenia Today” վերլուծական
կայքի գլխավոր խմբագիր
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մամուլը աշխատում է բարոյական ու մարդկային չափանիշների շրջանակներում, պահպանում է լրագրողական էթիկան ու չի վիրավորում մարդու արժանապատվությունը, ապա լռեցնել արդար քննադատությունը դրամական կամ այլ միջոցներով ուղղակիորեն թուլության նշան է: Եվ գիտեք, դա նույնն է, եթե օրինակ՝ քաղաքականության մեջ բանավեճի փոխարեն դիմես ոստիկանության օգնությանը:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա ավազակապետության թողտվության հետեւանք է: Այլ բացատրություն չունեմ:
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկախ մամուլն ազատ դեմոկրատիայի հատուկ տեսակ է, որն իրապես ապահովում է հանրության խոսքի ազատության իրավունքը: Համարում եմ շատ բնական եւ օրգանական մեր իրականության համար հետընտրական կանտրոլի վերահաստատումը: Դուք ձեր դերը կատարեցիք` միջազգային կառույցների մոտ ստեղծելով ազատ մամուլի պատրանքը, իսկ հիմա խաղն ավարտված է, եւ ժամանակը եկել է, որ “երկար լեզուներդ կարճացնեք”: Իսկ ուրիշ ի՞նչ էիք սպասում նման “ազնիվ, արդար եւ թափանցիկ” ընտրություններից հետո:
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
արվեստագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պա՞րզ չէ, որ այն, ինչ կատարվում է, վատ է, եւ ի՞նչ գնահատական պետք է ասել իրավիճակին: Եվ հետո, պետք է նշեմ, որ վերջին շրջանում հակառակը՝ այդպիսի դեպքերն այս մեկ-մեկուկես տարվա ընթացքում պակասել են:
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
“Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատականը մեկն է` մամուլի դեմ ոտնձգությունները որակում եմ անբարոյական քայլ, հատկապես նրանց կողմից, ովքեր ցանկանում են դրամով փակել ազատ խոսքի ,բերանըե` նպատակ ունենալով իրենց կեղծիքը իրականության տեղ մատուցել:
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
հաղորդավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ