«Լրագրողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն դատապարտում է Մանվել Գրիգորյանի պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնությունը  պատգամավոր Մանվել Գրիգորյանի և «Ա1+»-ի լրագրող Նարինե Իրիցյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 18-ին կրկին արձանագրեցինք պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հերթական դեպքը:
Երբ Ազգային ժողովում «Ա1+»-ի լրագրող Նարինե Իրիցյանը փորձել է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի վերջինս Վահան Մարտիրոսյանի վերաբերյալ, ով քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից, պատգամավորը ցուցաբերելով խորհրդարանին ոչ հարիր պահվածք, վիրավորել է լրագրողին:
Ձեռը լրագրողի ուղղությամբ պարզելով`Մՙանվել Գրիգորյանը բացականչել է. «Դուք եք Ալիևի հետ մոտիկ, գնացեք իրանից հարցրեք»: Երբ լրագրողը գեներալին հորդորել է առանց ավելորդ որակումների պատասխանել իր հարցին, պատգամավորի հակադարձումը չի ուշացել: «Արա գնա էն կոմ, ի՞նչ ես ուզում ինձնից…»,- հրելով լրագրողի տեսախցիկը ասել է Գրիգորյանը:

Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ «Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնությունը խիստ դատապարտում է պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահվածքը և պահանջում է ներողություն խնդրել լրագրողից՝ որակումների և տեսախցիկը հրելու համար: Հորդորում ենք նաև լրագրող Նարինե Իրիցյանին դիմել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով: Նախաձեռնության կողմից առաջարկում ենք իրավական աջակցություն դիմումի կազման և դրա հետագա ընթացքի հարցում»:




Լրահոս