ԱՊՊԱ Է ՊԵՏՔ ՆԱԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` երկրում առկա վիճակից դժգոհ են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլեւ ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող  ապահովագրական ընկերությունները:Երեկ  «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը նշել է.  «Փոխհատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերություններին է դիմել ընդհանուր առմամբ 1700 տուժող: Կատարվել են 170 միլիոն դրամի ապահովագրական հատկացումներ, եւ կան դեռեւս շուրջ 500 միլիոն  դրամի չկարգավորված պարտավորություններ»: Փորձենք վերլուծել նշված թվերը եւ հասկանալ, թե ինչից են դժգոհ ապահովագրական ընկերությունները: Հաշված ամիսների ընթացքում, իրավական, բարոյական եւ լրատվական տեռորի միջոցով ապահովագրվել է 341  հազար ավտոմեքենա, ինչը կազմում է  հաշվառված տրանսպորտային միջոցների շուրջ 80 տոկոսը:  70 հազար մեքենա դեռ չունի ԱՊՊԱ պայմանագիր: Ամենահին, թույլ շարժիչ ունեցող ավտոմեքենայի  ապահովագրման նվազագույն գումարը 25 հազար դրամ է: Եւ  եթե այն  բազմապատկում ենք  արդեն ապահովագրված 341 հազար մեքենաների թվով, ստանում ենք  8,5 միլիարդ դրամ: Իսկ եթե   հաշվի ենք առնում այն,  որ Հայաստանի ավտոտրանսպորտային շուկայի կեսը կազմում են ոչ ռուսական արտադրության մեքենաները, որոնց ապահովագրումը կազմում է շատ ավելի  գումար, քան 25000 դրամն է, ապա  վերոհիշյալ  8,5 միլիարդ դրամին, առանց  սխալվելու , կարելի է ավելացնել եւս  3 միլիարդ դրամ:Ի  դեպ, այս գումարին ավելորդ չի լինի ավելացնել Վրաստանից Հայաստան մտնող մեքենաների ապահովագրման գումարը, առավելեւս, որ Ջավախքից Հայաստան մտնող մեր հայրենակիցները ստիպված են նույնպես «ապահովագրվել»: Այսինքն` այսօրվա դրությամբ ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ պայմանագրերի  կնքման միջոցով հավաքագրել են շուրջ 11 միլիարդ դրամ: Եւ եթե այդ գումարը բաժանենք առաջացած 670 միլիոն  դրամի պարտավորության վրա, ապա կստանանք  6,1  տոկոս:  Այսինքն` մեկին մեկ եկամուտ:  Այս պարագայում  անհասկանալի է դառնում ապահովագրական ընկերությունների մտահոգությունը: Թեպետ, եթե հաշվի առնենք, թե ովքեր են կանգնած այդ ընկերությունների հետեւում, կհասկանանք, որ այդ մարդիկ սովորություն ունեն ստանալ մեկին երեք հարաբերությամբ շահույթ, այդ պատճառով  էլ  այս «մինիմալ» թիվը նրանց չի գոհացնում:  Մնում է ապահովագրական ընկերություններին համբերություն մաղթել. ձմեռը շուտով  կավարտվի, եւ, ուրեմն, կպակասեն ավտոտրանսպորտային պատահարները: Հ.Գ. «Ժողովուրդ»-ի կողմից, որպես  օգնություն,  ամեն օր տպագրում ենք իշխանության վերնախավին պատկանող,  ԱՊՊԱ  կտրոն չունեցող  թանկարժեք մեքենաների լուսանկարները:    ԱՐԻՍ  ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս