«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական քարոզչությունն ընդամենը մեկ ամիս առաջ համառորեն տարածում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 8-ին եւ 15-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզեր կատարած այցելությունների եւ այնտեղ կազմակերպված խորհրդակցությունների մասին լուրերը: Նշված խորհրդակցությունների թեման խաղողի մթերման հետ կապված խնդիրներն էին: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետարանում նա ասել էր. «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել եւ օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաեւ ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին եւ վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»:
Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին խոստացել էր, որ խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի լինի: 10 օր էլ չկա, ինչ խաղողի համընդհանուր բերքահավաքը, ըստ այդմ, նաեւ՝ մթերումը, սկսվել է, բայց գյուղացիներն արդեն բողոքի ձայն են բարձրացնում: Երեկ Արարատի մարզի Լուսառատ եւ հարակից գյուղերի բնակիչները փակել էին Երեւան-Ստեփանակերտ պետական կարեւորության ճանապարհը եւ պահանջում էին լուծել իրենց խաղողի մթերման խնդիրները: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատես եղանք, որ Կառավարությունը չի կարողանում կատարել իր խոստումը: Արժե՞ր տալ նման խոստումներ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: