Հայ ազգային կոնգրեսն առայժմ որեւէ տեսակետ չի հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարի վերաբերյալ եւ չի հստակեցնում՝ իրենք միանալու են նրան, թե ոչ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը դեռ մինչեւ հանրահավաքն ասել էր, թե հարկավոր է սպասել ու տեսնել՝ ինչ քայլեր կանի Ր. Հովհաննիսյանը, քանի որ թեկնածուն նա է, եւ նա պետք է առաջնորդի ժողովրդին: Հանրահավաքից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վլ. Կարապետյանը նշեց, թե իր նախորդ ասածներին դեռեւս ավելացնելու ոչինչ չունի: Իսկ մինչ այդ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այսօր ամենաքննարկվող հարցը՝ Կոնգրեսը գնալո՞ւ է Ազատության հրապարակ՝ պաշտպանելու համար «ժողովրդի քվեն»։ 2008թ. իշխանության դեմ կռիվ տված ուժերը նման հարցադրում չարեցին ոչ մեկի համար։ Նրանք ուղղակի հաջորդ օրը իրենք գնացին Ազատության հրապարակ։ Հաջորդ օրը Ազատության հրապարակ եկան նաեւ նրանք, ովքեր ձայն էին տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Թե չէ՝ մի քիչ սիրուն չի լինի, որ ձայն տվողները նստեն տներում, իսկ մենք ինքնակոչ գնանք նրանց «քվեն պաշտպանելու»»։
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ