ՐԱՖՖԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՍԵՐԺԻ ԳԱԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկարացրեց իշխանությունն իրեն հանձնելու համար Սերժ Սարգսյանին տված վերջնաժամկետը, ընդ որում՝ դա արեց երկու անգամ:
Ինչպես հայտնի է, նախօրեին բացօթյա ասուլիսի ժամանակ Ր. Հովհաննիսյանն ասել էր, թե փետրվարի 20-ին՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում սպասում է Ս. Սարգսյանին՝ իշխանությունը փոխանցելու հարցեր քննարկելու համար: Ս. Սարգսյանը, սակայն, չէր եկել հրապարակ: Փոխարենը նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, թե Ս. Սարգսյանը պատրաստ է ցանկացած ժամի իր մոտ ընդունել Հովհաննիսյանին: «Առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»,-նշել էր Արզումանյանը:
Ր. Հովհաննիսյանը երեկ չէր գնացել նախագահական նստավայր, փոխարենը Ազատության հրապարակում ժամը 17:15-ին կրկնեց իր առաջարկն ու հայտարարեց՝ այնուամենայնիվ, մինչեւ ժամը 18-ը կսպասի Սարգսյանի գալուն: Այդքանից հետո էլ Ս. Սարգսյանը հրապարակ չեկավ, որից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքը գիշերը մնալու է Ազատության հրապարակում եւ Ս. Սարգսյանին սպասելու է նաեւ այսօր՝ ժամը 14-ին: «Եվ մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը կամ որքան պետք է, ե՛ւ Ս. Սարգսյանին դիմավորենք, ե՛ւ իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ՝ Ազատության հրապարակում։ Եթե կան բանակցելու խնդիրներ, թյուրըմբռնումներ, փոխադարձ պահանջներ, մենք դա կանենք հրապարակավ հենց այստեղ՝ ձեր աչքի առաջ»,-ասաց նա: Նշենք, որ ՀՀԿ-ն էլ իր հերթին էր ծրագրել փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, եւ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել այդ հայտը: Սակայն երեկ՝ երեկոյան, ՀՀԿ-ականները պնդում էին, որ իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել հրապարակում հանրահավաք անցկացնել-չանցկացնելու մասին:

Րաֆֆու կառավարությունը

Մինչ այդ, երեկ Ր. Հովհաննիսյանն իր կառավարությունն էր ձեւավորում ու պաշտոններ բաժանում: Առայժմ հայտնի է միայն երկու նախարարի անուն՝ Անահիտ Բախշյան եւ Նիկոլ Փաշինյան, թեեւ նախօրեին նա խոստացել էր տալ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ արժանավոր անդամների ցուցակը: Ելույթի համար Ա. Բախշյանին խոսք փոխանցելիս նա նշեց, թե վերջինս կրթության եւ գիտության ասպարեզի նվիրյալ է, ուստի այդ արժանիքը գնահատելի է լինելու ապագա կառավարության մեջ: Իսկ Ն. Փաշինյանի մասին Հովհաննիսյանն ասաց. «Նիկոլը դեռ չգիտե, թե ինչ ծանրակշիռ ու կարեւոր տեղ է ունենալու ապագա կառավարությունում»: Սակայն նա չմասնավորեցրեց կառավարությունում Փաշինյանի կոնկրետ տեղը: Ինչ վերաբերում է մյուս առանցքային պաշտոններին, ապա երեկվա դրությամբ նոր նշանակումներ չեղան, հայտնի չէ նաեւ, թե ով է լինելու Ր. Հովհաննիսյանի կառավարության վարչապետը:

Ո՞ւր են մեր անցած օրերը…  

Սակայն սա հանրահավաքում միակ ուշագրավ իրավիճակը չէր: Հովհաննիսյանը նաեւ հրապարակավ ներողություն խնդրեց իր բոլոր գործած սխալների համար, այնուհետեւ պատրաստակամություն հայտնեց համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ: Նա նաեւ նշեց, թե իրեն են միացել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Վերջիններս, ի դեպ, երեկ նույնիսկ ելույթ ունեցան հարթակից: Փաշինյանը հայտարարեց, թե փետրվարի 18-ին իրականացել է ՀՀ քաղաքացու 30-վայրկյանանոց հեղափոխությունը, նախագահի ընտրություններում հաղթել է Ր. Հովհաննիսյանը: «Ր. Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, եւ ուրեմն առաջին հերթին ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչպես, ինչ ճանապարհով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ այն վերածել դե յուրե հաղթանակի»,-ասաց նա՝ մաղթելով Հովհաննիսյանին բավարար կամք, իմաստնություն ու վճռականություն՝ ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդելու գործում: Կ. Ռուբինյանն էլ իր հերթին կոչ արեց պայքարում լինել վճռական, ընդ որում, ըստ նրա՝ վճռական պետք է լինեն բոլորը՝ ե՛ւ նախագահի թեկնածուն, ե՛ւ ժողովուրդը:
Նկատենք, որ երեկ Ազատության հրապարակում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, նախկին քաղբանտարկյալներ Սմբատ Այվազյանն ու Մուշեղ Սաղաթելյանը, ՀՅԴ-ից՝ ԱԺ նախկին պատգամավոր, գրող Ռուբեն Հովսեփյանը, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որոնք հարթակից ներքեւ շարքային մասնակիցների պես հետեւում էին հանրահավաքի ընթացքին:

Ծոմապահության աթոռին, բայց առանց ծոմի

Հանրահավաքի ավարտից հետո Ր. Հովհաննիսյանը երեկ մնաց Ազատության հրապարակում՝ սպասելու Սերժ Սարգսյանին: Նա նշեց, թե գիշերն ինքն այնտեղ կանցկացնի, եւ ցանկացողները կարող են մնալ իր հետ: Նման ցանկություն երեկ հայտնել էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության քաղխորհրդի անդամները:
Հ.Գ. Երեկոյան ժամը 22-ի սահմաններում պարզվեց՝ Ր. Հովհաննիսյանն Ազատության հրապարակում չէ: Նրա մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է, թե պարոն Հովհաննիսյանը գնացել է հանդիպման, իսկ թե ում հետ, Խուրշուդյանը չի մանրամասնել՝ ասելով, թե ինքը տեղյակ չէ: Ամեն դեպքում, այսօր՝ ժամը 13:00-ին, հանրահավաքը կշարունակվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս