ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՍԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Lragir.am-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծի է ենթարկել Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող իր գազալցակայանի բանվորներին եւ օդ կրակել:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց գազալցակայանի հարակից տարածքում բնակվող գյումրեցիների հետ: Վերջիններս բավական վախեցած էին եւ համաձայնեցին մեզ հետ զրուցել միայն իրենց անձի գաղտնիության ապահովման դեպքում:  
Ըստ ականատեսների՝ միջադեպը տեղի է ունեցել ընտրությունների օրը՝ ժ. 12:00-ի սահմաններում: «Ահաբեկված բանվորները այս ու այն կողմ էին փախչում: Սարսափելի էր տեսնել մարդկանց այդքան վախով լցված»,-պատմեցին բնակիչները: Վերջիններիս պնդմամբ՝ գազալցակայանի կառուցումն արգելված է քաղաքապետարանի կողմից, սակայն Սպարտակ Ղուկասյանը, հաշվի չառնելով ո՛չ քաղաքապետարանի արգելքը, ո՛չ էլ բնակիչների բողոքը՝ բազմաբնակարան շենքերին կից գազալցակայան կառուցելու կապակցությամբ, որոշել է օգտվել ընտրական թոհուբոհից եւ այն արագ ավարտին հասցնել:
«Մենք մշտապես լսել ենք, որ նա բանվորներին շատ վատ է վերաբերվում, ու անգամ լսել ենք, որ բանվորները դժգոհել են իրենց աշխատավարձից, քանի որ Սպարտակը մշտապես նրանց փողն ուշացրել է»,-վախվորած պատմեցին քաղաքացիները:
Մեր զրուցակիցնրի խոսքով՝ Սպարտակն ընտրությունների օրը ստիպել է բանվորներին գալ գազալցակայան, քանի որ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով, ուստի հարմար պահ է գազալցակայանի աշխատանքն ավարտին հասցնելու համար: Բանվորները, սակայն, հրաժարվել են, քանի որ նրանց այդ գազալցակայանի աշխատանքների համար մի քանի անգամ տարել են ոստիկանություն:
«Ստիպել եւ ասել է՝ աշխատե՛ք: Ես շուտ պետք է ավարտին հասցնեմ իմ գազալցակայանի կառուցումը: Բանվորներն էլ հրաժարվել են աշխատել, եւ նա էլ բանվորներին վախեցնելու համար օդ է կրակել, ու բանվորները վախից փախել են»,-պատմեցին բնակիչները:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ: Վերջինիս պարզաբանմամբ` գազալցակայանի կառուցապատումն ապօրինի է, եւ քաղաքապետարանը երկու անգամ վարչական տույժ է կիրառել: «Երկու անգամ վարչական տույժ կազմելուց հետո գործը հանձնվել է ոստիկանությանը, եւ քաղաքապետարանն այլեւս կապ չունի այդ գազալցակայանի ապօրինի կառուցման աշխատանքների հետ»,-ասաց նա:
Կատարվածի շուրջ զրուցեցինք նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ում ներկայացմամբ` կրակոցների մասին խոսակցություններն անհեթեթություն են. «Հերթական անհեթեթությունն է, իմ տղան դրա հետ ընդհանրապես կապ չունի, ու ընդհանրապես, ի՞նչ եք ուզում իմ տղայից: Այն սպանությունները եւ կրակոցները, որ եղան մեր նկատմամբ, եթե այդ գործը բացահայտվի, ապա նրանք, ովքեր մեր նկատմամբ այդ արեցին, կտեսնեք, որ սադրանքները նրանք են սարքում մեր նկատմամբ, ու մենք անմեղ,  չգիտենք, թե ով է մեր նկատմամբ այսպիսի բաներ սարքում»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միջադեպի վերաբերյալ հրապարակումն ուսումնասիրվում է:
Տեղեկացանք նաեւ, որ այս օրերին բանվորները չեն աշխատում:
Հիշեցնենք, որ Ս. Ղուկասյանի անունը շրջանառվում էր նաեւ 2012թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի շրջանակներում, երբ դարձյալ   կրակոցներ էին հնչել:
Ս. Ղուկասյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նախկին քաղաքապետի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ ու 235-րդ հոդվածի առաջին մասերով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Ս. Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում: Նա ավելի ուշ հայտնաբերվել էր եւ բերման ենթարկվել ոստիկանություն, իսկ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:
Նշենք, որ 1 ամիս առաջ Սպարտակը մեկնել էր Մոսկվա, ոստիկանությունից նրա մեկնումը  բացատրել էին նրանով, թե համապատասխան բժշկական տեղեկանք է ներկայացրել եւ շտապ մեկնել ՌԴ՝ բուժվելու: Իրականում, ըստ լուրերի, Ս. Ղուկասյանը ՌԴ էր մեկնել «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու համար:
Ոստիկանության ՀԿԼՎ-ից տեղեկացանք, որ սույն գործով նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս