ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին Երեւանում տեղի է ունեցել երկու ինքնասպանություն եւ մեկ ինքնասպանության փորձ: Նոր Արեշի 15 փողոցի 1-ին շենքի բնակիչ 72-ամյա Հովիկ Թումանյանն  իրենց ցած է նետել շենքի տանիքից, իսկ  Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը նետվել է Կիեւյան կամրջից:
«Ժողովուրդ»-ը երեկ եղավ Նոր Արեշի 15 փողոցի 1-ին շենքում: Տեղեկացանք, որ Հովիկ Թումանյանն ուներ երկու որդի, սակայն ապրում էր միայն կնոջ հետ թիվ 22 բնակարանում:
Հարեւանները մեզ հետ զրույցում ասացին, որ Հ. Թումանյանին վերջին անգամ տեսել են փետրվարի 19-ին. «Մենք գիտենք,  որ ոչ մի առողջական խնդիր չուներ, շատ բարի մարդ էր: Վերջին անգամ նրան տեսել եմ բակում, խնձոր էին վաճառում, տեսա, որ մի քանի կիլոգրամ խնձոր գնեց ու բարձրացավ տուն: Շատ ափսոս, ինչո՞ւ նման քայլի դիմեց»:
Շենքի բակում գտնվող ավտոտնակում հանդիպեցինք Հ. Թումանյանի ընկերներին: «Առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում էր, դուրս եկա բակ, տեսա՝ ընկած է, այդ պահին  անմիջապես զանգահարեցի շտապօգնություն»,-կատարվածը ներկայացրեց նրա ընկեր Սերգեյը:
Հարեւաններից տեղակացանք, որ Հովիկ Թումանյանի կինն առողջական խնդիրներ ունի, բայց երբ հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ, հրաժարվեցին պատասխանել. «Դե լուրջ խնդիրներ ունի, անկողնային պառկած չէ, բայց հիվանդ է»: Նրանք նաեւ պատմեցին, որ Հովիկ Թումանյանի մոտ գտել են երկտող, որտեղ գրված է եղել, որ իր արարքի համար ոչ ոքի չմեղադրեն. «Մենք ոստիկաններից իմացանք, որ երկտող կա, ու այդ երկտողը ոստիկանները ներկայացրին իր տղային»:
Փորձեցինք զրուցել Հովիկ Թումանյանի հարազատների հետ, սակայն նրա տղան` Արթուր Թումանյանը, հրաժարվեց խոսել:
Երեկ՝ նույն ժամին, ինքնասպանության եւս մեկ դեպք արձանագրվեց: Հայտնի դարձավ, որ Երեւանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը նետվել է Կիեւյան կամրջից:
Եթե վերոնշյալ դեպքերում հնարավոր չեղավ կանխել ինքնասպանության փորձերը, ապա երրորդ դեպքում, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել ողբերգությունից: Երեկ՝ ժամը 16:13-ի սահմաններում, չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ոստիկանությունը ճշտել է, որ ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելու փողոցում: Իրավապահների եւ փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում 57-ամյա Ա. Մելքոնյանը, գիտակցելով իր սխալը, ներողություն է խնդրել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս