Երեկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները իրավապաշտպանների եւ ՀՀ-ում ընտանեկան բռնության ենթարկված բազմաթիվ կանանց անունից Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին բաց նամակ են ուղղել, որում արտահայտել են իրենց խորին հիասթափությունը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ:
Բաց նամակում մասնավորապես ասվում է. «Ընտանեկան բռնությունն ունի ուղիղ եւ լուրջ ազդեցություն մեր հասարակության, հատկապես կանանց եւ երեխաների վրա: Միայն անցած տարվա ընթացքում հինգ կին մահացել է ընտանեկան բռնության պատճառով` առանց մայրական խնամքի թողնելով ավելի քան 12 մանկահասակ երեխայի: Ի հավելումն սրան` ընտանեկան բռնությունից հազարավոր տուժածներ դիմել են տարբեր հասարակական կազմակերպությունների` աջակցություն եւ պաշտպանություն ստանալու համար: Այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը, այդ թվում` պետական եւ քաղաքական գործիչները, դեռեւս պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում այս հրատապ խնդրի նկատմամբ»:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պահանջում է խորհրդակցական հանդիպում ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի հետ` հետագա գործողությունները քննարկելու համար:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ