Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարել է, թե Մարալիկում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրողներին բաժանվել են ՀԷՑ-ի կողմից տրված էլէներգիայի վճարման անդորրագրեր: Պատգամավորի հայտարարությունը խառնաշփոթ է ստեղծել քաղաքական դաշտում, Արամ Մանուկյանն էլ իր հերթին հայտնվել է բարդ իրավիճակում:
Հիշեցնենք`«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Արամ Մանուկյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ որոշ հեղինակություններ՝ Երևանից ու Մարալիկից Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կա՛մ ապացույցներ ներկայացնել, կա՛մ ներողություն խնդրել:
Եվ այսպես, Armlur.am-ը գնաց ստեղծված իրավիճակի հետքերով՝ հասկանալու համար, թե սեպտեմբերի 1-15 ընկած ժամանակահատվածում քանի բաժանորդ է էլէներգիայի սպառման դիմաց վճարումներ իրականացրել, և որքան գումար է ընդհանուր հաշվով մուտք արվել ՀԷՑ հաշվին: Այս հարցի պատասխանը հետաքրքիր է, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե քանի կտրոն է «դուրս գրվել» ՀԷՑ-ից, եթե իսկապես նման բան եղել է: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀԷՑ հանրային կապերի բաժնից պաշտոնապես հաղորդեցին, որ նշված ժամանակահատվածում Մարալիկ քաղաքում վճարումներ է արել 72 բաժանորդ՝ ընդհանուր 329 հազար դրամի չափով: Տեղեկացնենք, որ սա ՀԷՑ Մարալիկի քաղաքի բաժանորդների 3.5 տոկոսն է ընդամենը կազմում:
Այսպիսով՝ եթե յուրաքանչյուր ընտանիքում միջինը 2-3 անդամի հաշվարկով փորձենք պատկերացնել իրավիճակը, ապա կստացվի մոտավորապես 150-220 ընտրող: Եվ այստեղ հարց է առաջանում՝ եթե Մարալիկի ընտրություններին մասնակցել է 3154 ընտրող, գործող քաղաքապետը վերընտրվել է 1965 ձայնով, իսկ ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել է մոտ 865 ձայնի տարբերությամբ` ստանալով 1110 քվե, ապա ի՞նչ կարող էին փոխել այս իրավիճակում մոտ 200 ընտրողին բաժանված «լույսի» կտրոնները: Եթե նույնիսկ վճարումներ արած բոլոր բաժանորդների փոխարեն քաղաքապետը վճարած լիներ: 200 ձայն հավաքելու համար արդյոք ընտրակաշառք տվողը կընկնե՞ր նման վտանգավոր բեռի տակ: Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա, և ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ինչ-որ մարդիկ փորձել են մոլորեցնել:
Պարզվում է` Արամ Մանուկյանն այս օրերին փորձում է տվյալներ հավաքել: Armlur.am-ի հետ զրույցում խոսելով կտրոնների մասին՝ պարոն Մանուկյանը վստահեցրեց. «Ես հետագայում էդ ամենը կասեմ, լա՞վ: Հիմա տվյալներն եմ հավաքում»:
Մնում է սպասել պատգամավորի անցկացրած հետաքննության արդյունքներին:
Տաթև Հարությունյան