ՈՐԱԿԻՑ ՄԻ՛ ԽՈՍԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բավական ուշագրավ վիրտուալ բանավեճ է ծավալվել Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի  եւ Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջեւ: Բանն այն է, որ եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ի  էջում, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին, նշել է. «Կարծում եմ՝ արդարացի կլինի փաստել, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»։ Այս գրառումն անմիջապես արժանացել է  Հայաստանի  արտաքին գերատեսչության  արձագանքին, որն ընդամենը ժամեր անց   հակադարձել է Բիլդտին՝ Twitter-ի եւ Facebook-ի օգնությամբ հայտարարելով. «Ամենայն հավանականությամբ, Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է»: Այդ կապակցությամբ «Ազատությունը» երեկ նկատել է, որ Շվեդիայի արտգործնախարարն այն եզակի եվրոպական պաշտոնյաներից է, որոնք ամենայն ուշադրությամբ են հետեւում Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Դա, թերեւս, պայմանավորված է նաեւ նրանով, որ Շվեդիան Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկիր է, եւ հատուկ կարեւորություն է տալիս ծրագրում ընդգրկված վեց երկրներում ծավալվող քաղաքական գործընթացներին: Շվեդիայի արտգործնախարարն ինքը ռադիոկայանին ասել է, որ օգտվել է հայաստանյան ընտրությունների շուրջ միջազգային դիտորդների տված հաղորդումներից։ Ի դեպ, միայն Twitter-ում նա ունի 125 հազար բաժանորդ  եւ համարվում է ինտերնետից եւ տեխնիկական նորամուծություններից օգտվող ամենաակտիվ պաշտոնյան Եվրոպայում։ Եվ ահա այս մարդուն Հայաստանի արտգործնախարարությունը մեղադրում է  անտեղյակության մեջ: Բնականաբար, չի բացառվում, որ Բիլդտը ունի անձնական համակրանքներ եւ հակակրանքներ, որոնք կարող են ենթադրել որոշակի կողմնակալություն հնչեցված գնահատականներում: Առավել եւս, որ առաջին անգամը չէ, երբ եվրոպացի պաշտոնյաները փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` մեր երկրում առկա ժողովրդավարության դրական միտումները չնկատելու, իսկ Ադրբեջանում գրեթե բացակայող այդ երեւույթը ուռճացնելու միջոցով: Եվ այս իմաստով, թերեւս, արտգործնախարարության արձագանքը կարելի էր տեղին համարել, եթե  հայրենի ԱԳՆ-ն նույնպիսի ակտիվությամբ եւ օպերատիվությամբ հակադարձեր մեր պետական շահերի դեմ ուղղված հայտարարություններին եւ կոնկրետ գործողություններին: Փետրվարի 19-ին լրացավ Գուրգեն Մարգարյանի սպանության  9-րդ տարելիցը, որը լրացուցիչ անգամ առիթ դարձավ հիշելու, թե որքան հիասթափեցնող է  ՀՀ արտգործնախարարության աշխատանքի որակը: Եթե Էդվարդ Նալբանդյանի գլխավորած արտգործնախարարությունն այնպիսի  նվիրումով պաշտպաներ մեր պետական շահերը, ինչպիսի նվիրումով որ պաշտպանում է իշխանության շահերը, մարդասպան Սաֆարովը հիմա հաստատ բանտում կլիներ:




Լրահոս