ՀՀ դատական դեպարտամենտում աղմկալի չարաշահումների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դատական գործերի թարգմանության համար նախատեսված ծախսերը արհեստական կերպով շատ են ներկայացվում: Այս հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սկսեցին նյութեր նախապատրաստվել:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 9-ին հրապարակել էր մի նյութ այն մասին, որ ՀՀ դատարանները օտարալեզու դատական գործերը ուղարկում են համապատասխան թարգմանչական ընկերություններ, որպեսզի այդ գործերը թարգմանվեն, եւ դատավորները կարողանան դատաքննություն իրականացնել: Բանն այն է, որ 2014 թվականից հաշվարկման կարգը փոխվել էր, եւ թարգմանությունների համար նախատեսված գումարի չափը հաշվարկվում էր ոչ թե նախկինի պես՝ ըստ էջերի, այլ նիշերով (տառերի, կետադրության, բառամիջյան հեռավորության հաշվարկով): Ու հենց այստեղ էլ «թաքնված էր շան գլուխը»: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ վարչական դատարանը մի դատական գործ էր ուղարկել թարգմանչական ընկերություն, որպեսզի թարգմանվի: Ավելի ուշ թարգմանչական ընկերությունը վարչական դատարան էր ներկայացրել թարգմանված նյութի Էլեկտրոնային տարբերակը, որը բաղկացած էր եղել 54 հազար 341 նիշից: Մենք ուսումնասիրություն կատարեցինք եւ նկատեցինք, որ նյութի էլեկտրոնային տարբերակում առկա են մեծ քանակությամբ գծանշաններ, բացատներ (տՐՏոպս), որոնք թարգմանված գործի նիշերը ավել են ցույց տալիս: Պարզեցինք նաեւ, որ, օրինակ, նյութում արված գծանշանները տեքստի սպիտակ գույնով նշելու եղանակով քողարկվում են, եւ տվյալ նյութը դիտելիս տեսանելի չեն ավել նիշերը, սակայն երբ թարգմանված նյութը էլեկտրոնային տարբերակում նայում ենք եւ վերը նկարագրված քողարկված ավելցուկները հեռացնում ենք, թարգմանված նյութի նիշի քանակը գնալով պակասում է, օրինակի համար՝ 60 հազար 341 նիշից դառնալով 38.648 նիշ:
Այսինքն՝ թարգմանված նյութի նիշերը գրեթե կրկնապատիկ քանակով ներկայացնելու արդյունքում, ըստ էության, թարգմանչական ընկերությունը արհեստականորեն ավելացնում է նիշերը, որպեսզի դատական դեպարտամենտից թարգմանության համար ավել գումար ստանա: Ու քանի որ դատական դեպարտամենտում չարաշահումներից հեռու մադիկ չեն աշխատում (աղմկալի մի քանի քրեական գործեր կան հարուցված տարբեր չարաշահումների մասով), ուստի իրավիճակը կասկածներ է հարուցում առ այն, որ դեպարտամենտն ու թարգմանչական ընկերությունները միասին համագործակցված ձեւով են աշխատել՝ իբրեւ թե նորացված ու առավել թափանցիկ եղանակով: Իսկ իրականում գործ ունենք բյուջեի միջոցների փոշիացման կամ յուրացման սովորական դեպքի հետ:
Ինչեւէ, մեր այս հրապարակումից հետո գործին խառնվեցին իրավապահները: Ամենայն հավանականությամբ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Ժողովուրդ» օրաթերթի այդ հրապարակման հիման վրա ՀՀ ՔԿ Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սկսեցին նյութեր նախապատրաստել:
Եվ, ահա, նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչները դատական դեպարտամենտում եւ դատական գործերը թարգմանած ընկերությունում սկսել են «ստուգումներ» իրականացնել: Եւ մեզ հասած տեղեկություններով՝ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ կոնկրետ մի թարգմանչական ընկերություն դատական դեպարտամենտին իսկապես ավել նիշեր է ներկայացրել եւ գումար աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ քննիչների կողմից այս հանգամանքի բացահայտումից հետո թարգմանչական ընկերությունը սկսել է հետ վերադարձնել ՀՀ դատական դեպարտամենտից վերցված ավել գումարները: Չի բացառվում, որ թարգմանչական ընկերությունը քննիչներին խոստովանել է, որ միտումնավոր չի արել, իսկ, ահա, դատական դեպարտամենտն էլ միգուցե իր հերթին հարցաքննության ժամանակ հայտնել է, որ անպատասխանատու է մոտեցել գործին կամ վստահել է թարգմանչական ընկերությանը եւ չի հաշվարկել նիշերը:
Եվ, ահա, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինն էլ որոշել է «հավատալ» կողմերին, բավարարվել նրանով, որ ընկերությունը ավել վերցրած գումարների մի մասը վերադարձրել է դեպարտամենտին, դրա համար էլ որոշում է կայացրել քրեական գործ չհարուցել: Թերեւս մի ուսումնասիրություն էլ կայացված այս որոշման «թիկունքում» է պետք իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչպես քննիչներն ու նրանց գործունեությունը վերահսկող դատախազը որոշեցին «ներել» հավելագրումներ արած երկու կողմերին:
Ինչեւէ, հավելենք, որ «Ժոողվուրդ»-ի այս հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ դատական դեպարտամենտը նոր մրցույթ է հայտարարել՝ ՀՀ դատարանների օտարալեզու գործերը թարգմանելու համար, եւ հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն: Այսինքն՝ թարգմանչություն իրականացնող այն ընկերությունը, որը ՀՀ դատական դեպարտամենտին ավել նիշեր էր ներկայացրել, չի հաղթել՝ մնալով «խաղից դուրս» վիճակում: Թեեւ չի բացառվում, որ այս աղմկալի բացահայտումից հետո համարձակություն էլ չի ունեցել մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել:
Նկատենք, որ եթե «Ժողովուրդ»-ը առկա չարաշահման մասին չբարձրաձայներ, ՀՀ դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանը կշարունակեր լուռ համագործակցել կամ էլ կմնար իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անտեղյակ: Երկու դեպքում էլ կոռուպցիոն այս գործընթացը հաստատ կերկարեր, շատ մարդիկ կհասցնեին կարճ ժամանակահատվածում հարստանալ, եթե «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական ու անհերքելի փաստերով հրապարակմամբ հանդես չգար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՐԱԵՐԹԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվել են աղմկալի պատմությունների կիզակետում: Բանն այն է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդը Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եղոյանն է: Մեղավո՞ր է եղել նա տեղի ունեցած վթարում, թե՞ ոչ, քննությունը ցույց կտա: Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նկատենք, որ սա Արմեն Եղոյանի անվան շուրջ տեղի ունեցած միակ աղմկալի դեպքը չէ: Դեռեւս 2013 թվականին Արման Եղոյանը Հանրապետության հրապարակում ծեծել էր փուչիկներ վաճառող մի երիտասարդի, որին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, թե երիտասարդը Երեւան քաղաքի ավագանու որոշումը՝ բացօթյա ապօրինի առեւտրի իրականացման արգելքի մասով, չէր կատարել՝ շարունակելով ապօրինի գործունեություն. «Համապատասխան օղակի աշխատակիցները վարչության պետի գլխավորությամբ հերթական անգամ նախազգուշացնում են, որ արգելված է իրականացնել բացօթյա ապօրինի առեւտուր: Տվյալ քաղաքացին փորձել է բեմականացնել, իբրեւ թե իրեն խփեցին: Արդյունքում բոլորը տեղափոխվել են ոստիկանություն, որտեղ յուրաքանչյուրը իր մասով տվել է ցուցմունք, պարզաբանում»: Ինչեւէ: Այս ծեծի գործն, իհարկե, կարճվեց: Իսկ թե ինչ ավարտ կունենա Արման Եղոյանի մահվան ելքով վթարի քննությունը, ցույց կտա ժամանակը: Բայց դատելով նախկինում նրա հղփացած պահվածքից՝ թերեւս կարելի է ենթադրել նաեւ այս գործի ելք:
Բայց միայն Արման Եղոյանը չէ, որ Երեւանի քաղաքապետարանից հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Օգոստոսի 28-ի ժամը 00:30-ն ընկած հատվածում գողություն էր տեղի ունեցել Նոր Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան փողոցի 14 շենքի 8-րդ բնակարանից: Պարզվել էր, որ նշված բնակարանը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արման Գալստյանին: Ըստ տեղեկությունների` Արման Գալստյանի բնակարանից հանցագործները տարել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար արժողության իրեր: Հավելենք, որ հանցագործը կամ հանցագործները նույնիսկ առեւանգել են քաղաքապետարանի աշխատակցի ավտոտնակում գտնվող Mercedes մակնիշի 34 NM 978 համարանիշի ավտոմեքենան: Այս գործով արդեն քաղաքապետարանի աշխատակիցը տուժող է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՐԻՐ ՉԷ
Անդրադառնալով «Հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանի` ֆեյսբուքում արած գրառումներին, որտեղ առկա են կոպիտ եւ վիրավորական արտահայտություններ ակտիվիստների հասցեին, որոնք էլ իրենց հերթին էին սոցցանցում ոստիկանների հասցեին վիրավորական գրառումներ կատարել` իրավաբան Երվանդ Վարոսյանը Armlur.am-ին ասել է. «Կարծում եմ, որ ոստիկանը խնդիր պետք է ունենա կարգապահական առումով, քանի որ, այնուամենայնիվ, ուսադիր կրող օրենքի պահապան մարդուն հարիր չէ սոցիալական ցանցում վիրավորանքներ սփռել»:
ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
ԵՄ խորհուրդը որոշել է մինչեւ 2016 թ. մարտի 15-ը երկարաձգել պատժամիջոցները ՌԴ այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ուկրաինայի արեւելքի զինված խմբավորումների եւ Ղրիմի բռնակցման հետ: Հիշեցնենք՝ խոսքը 149 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձանց մասին է, որոնց մուտքը ԵՄ տարածք արգելվում է: Ցուցակում ընդգրկված են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, «ՀՏրրՌÿ րպչՏՊվÿ» լրատվական գործակալության նախագահ Դմիտրի Կիսելյովը:
ՀԱՅԸ ՍՊԱՆԵԼ Է
ՌԴ Վոլգոգրադ քաղաքում նախօրեին տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, սպանվել է 24-ամյա ադրբեջանցի Հաջիմուրադ Չիրիեւը: Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Վոլգոգրադի Կիեւյան շրջանում գտնվող «Բարիտոն» կարաոկե բարում, որի սեփականատերը հայ է: Ադրբեջանցիները կերուխումից հետո որոշել են այցելել այդ հաստատություն, որտեղ բռնկված վեճի արդյունքում բարի տիրոջ որդին որսորդական հրացանով կրակել է ադրբեջանցու վրա: