Ո՞ՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԳՈՒԺՈՒՄ ԶԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ պաշտոնական տվյալների համաձայն նախագահի ընտրություններում ստացել էր կես միլիոն քվե ու գրավել երկրորդ տեղը, հետընտրական գործընթացները վերածել է զավեշտի: Ընդամենը երեք օրում այս թեկնածուն ոչ միայն հասցրեց փոշիացնել իր զանգվածը, այլեւ վերջ դրեց հետընտրական քաղաքական զարգացումներին:
Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, պարզվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հակառակ Ազատության հրապարակում գիշերելու եւ այնտեղ Սերժ Սարգսյանին սպասելու իր խոստմանը, ուշ երեկոյան, այնուամենայնիվ, ճողոպրել էր տուն՝ ճանապարհելու արտերկիր մեկնող եղբորը: Իսկ Ազատության հրապարակ նա վերադարձել էր առավոտյան 8-ին նոր միայն:

show must go on

Բայց իսկական շոու ներկայացումը սկսվեց արդեն կեսօրից հետո, երբ Ր.Հովհաննիսյանը գնաց ՀՀ նախագահի նստավայր: Նախ՝ ժամը 13-ին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ իր ենթադրությամբ Սերժ Սարգսյանը չի գա այնտեղ, բայց քանի որ խոսնակի միջոցով հայտարարել է, թե ցանկացած պահի պատրաստ է հանդիպել իր հետ, ինքն է մեկնում նախագահական նստավայր:
Եվ ահա այսպես, մի քանի հարյուր հոգու ուղեկցությամբ, «Հա-յա-ստան» վանկարկումներով, հայրենասիրական խրոխտ երգերի ներքո նա ուղեւորվեց Բաղրամյան 26: Նախագահականի բակից նա ձեռքով արեց հավաքվածներին ու մտավ շենք: Հանդիպումը տեւեց ավելի քան մեկ ժամ: Այդ ողջ ընթացքում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին նախագահականի մոտ կրկին պառկել էր գետնին, իսկ հավաքված ժողովուրդն անհամբեր սպասում էր Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին՝ պարբերաբար վանկարկելով «Րաֆֆի՛, նախագա՛հ», «ազատ, անկախ Հայաստան»: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ երբ հավաքվածներից ոմանք երբեմն-երբեմն վանկարկում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր», ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները միանգամից շտապում էին լռեցնել. «Պրովոկացիաներ մի՛ արեք, չի կարելի»:
Ժամը 15-ի սահմաններում արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահական նստավայրից, դեմքի խրոխտ արտահայտությամբ անցավ մայթը եւ ժողովրդին տեղեկացրեց՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները կներկայացնի ու բոլոր հարցերին կպատասխանի միայն հաջորդ օրը, այսինքն՝ այսօր Ազատության հրապարակում ժամը 17-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: «Իսկ այժմ գնացե՛ք ձեր գործին»,-ասաց նա: Հավաքվածները Ր.Հովհաննիսյանի այս խոսքերն ընդունեցին մեծ դժգոհությամբ՝ վանկարկելով. «Հիմա, հիմա»: Սակայն «Ժառանգության» առաջնորդը այդպես էլ որեւէ բառ չասելով, հեռացավ:
Պարզվեց՝ նա գնում է Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման մանրամասներն իր կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկելու: Հավաքվածները զայրացած ու հիասթափված հեռացան նախագահական նստավայրի մոտից: Կարճ ժամանակ անց նրանց մի մասը հավաքվեց Ազատության հրապարակում՝ պահանջելով, որ այնտեղ գա Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարզվեց՝ երեկոյան ժամը 18-ին, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է անելու: Միայն թե այս անգամ արդեն հրապարակում հազիվ մեկ-երկու հարյուր հոգի էր հավաքվել: Ր.Հովհաննիսյանն էլ հայրենասիրական խրոխտ ճառ ասելուց հետո նշեց, թե ինքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է «իր հրավերով ու նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի խորհրդով»: Սակայն Ս.Սարգսյանի հետ հանդիպման մանրամասներն այդպես էլ չներկայացրեց՝ խոստանալով դա անել միայն այսօր: «Ժառանգության» ղեկավարը չէր հասցրել իր ճառն ավարտել, երբ հրապարակը սկսեց միանգամից դատարկվել: Անգամ իր կողքին կանգնած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ զորակցություն էր հայտնել թեկնածուին, երեկ հրաժարվեց ելույթ ունենալուց՝ ասելով, թե կխոսի վաղը (այսօր-խմբ.):

Քաղաքացի, աղեկ ե՞ս

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում էր հանդիպման մանրամասների մասին խոսել հաջորդ օրը, նախագահական նստավայրը տարածեց 32 վայրկյան տեւողությամբ տեսագրություն. հանդիպման սկզբի հատվածը, որը բավական է արդեն հանդիպման վերաբերյալ տեսակետ կազմելու համար:
Ս.Ս. -Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի՛:
Ր.Հ. -Չէ՛, չէ՛: Իրավատե՛ր: Բարի տեսանք, պարոն Սարգսյան: Ինչպե՞ս եք:
Ս.Ս. -Լավ:
Ր.Հ. -Տիկին Սարգսյանն ինչպե՞ս է:
Ս.Ս. -Լավ: Չնայած նրան, որ միանգամից չի լինելու առաջին տիկին: Բայց լավ է:
(Ծիծաղում են)
Ս.Ս.-Լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք, թե՞…
Ր.Հ. -Ինձ թվում է՝ պետք չէ:
Տեսագրությունն այսքանով ավարտվում է: Փոխարենը բաց մնաց հարցը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ընդդիմադիր առաջնորդը՝ նախագահական ընտրությունների իրական հաղթողը, խուսափեց Սերժ Սարգսյանի հետ լրագրողների ներկայությամբ խոսելուց: Նույնիսկ երեկ տեսակետներ էին հնչում, որ Ր.Հովհաննիսյանն այսպես իշխանությունների հետ գնացել է գործարքի: Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին եւ հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը»:
Այսքանից հետո ոմանք կատարվածը նմանեցնում էին կրկեսային ներկայացման, ոմանք՝ հեռուստասերիալի, ոմանք՝ հնդկական ֆիլմի: Մի խոսքով, ամեն ինչի, բացի քաղաքական պայքարից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս