Սա ոստիկանների գործելաոճը չէ. Վալերի Օսիպյանը և Արմեն Մկրտչյանը վիճեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր «Հայազն» կուսակցության երթից հետո ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին դաժան ծեծի էին ենթարկել: Նրան ծեծի էին ենթարկել 5 հոգով, ովքեր ներկայացել են հատուկ ծառայության աշխատակիցներ: Ազատամարտիկը մենակ է եղել: Նրան արնաշաղաղ գետնին ընկած են տեսել նույն երթից տուն գնացող ակտիվիստները, ովքեր էլ օգնություն են ցուցաբերել և շտապ օգնություն կանչել:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ վիճաբանության մեջ մտավ: Մկրտչյանը պնդում էր, որ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկած մարդիկ ոստիկանության վկայական են ներկայացրել: Օսիպյանն էլ կտրականապես հերքում էր. «Չի կարող նման բան լինել: Սա ոստիկանների գործելաոճը չէ»:

Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միայն տեսել է արնաշաղաղ ընկած ազատամարտիկին, երբ Հյուսիսային պողոտայի տարածքով տուն էր գնում:

Հիշեցնենք, որ այսօր «Հայազն» կուսակցության անդամները և քաղաքացիական ակտիվիստները Մատենադարանի մոտից երթ իրականացրին` դեպի ՀՀԿ-ի գրասենյակ:

Դեպքի վայրից այլ մանրամասներ` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս