Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի կենտրոնում «ցելոֆանապատ» պատուհաններով հառնում է գյուղի մշակույթի տան երկհարկանի շենքը: Այն վնասներ է կրել անցյալ դարի 90-ականներին ադրբեջանական հրետակոծություններից: Բերդավանցիները մեծ մասնակցություն են ցուցաբերել մերօրյա ազատամարտին՝ մասնակցելով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը: Ցավոք, դրանից հետո կյանքի վատ պայմանների պատճառով շատերը ստիպված են եղել տեղափոխվել Ռուսաստան: Հիմա Լիպեցկում, Ստավրոպոլում, ՌԴ այլ քաղաքներում ու գյուղերում բերդավանցիների բազմաթիվ ընտանիքներ են ապրում: 1990-ականներին Բերդավանից Կրասնոդար տեղափոխվեց Արթուր Ղազարյանի ընտանիքը: Այդ ժամանակ Արթուրի որդին՝ Գոռը, 2-3 տարեկան էր: Գոռ Ղազարյանը 2011թ. աշնանը վերադարձավ Հայաստան եւ գնաց հայրենիքին զինվորական պարտքը տալու: Սակայն 2013թ. փետրվարի 19-ին նա զոհվեց ԼՂ պաշտպանական դիրքերում: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ փետրվարի 20-ին Բերդավան է տեղափոխվել զինվորի դին, ՌԴ-ից ժամանել են նրա ծնողները: Գոռի հուղարկավորությունը կկայանա փետրվարի 22-ին: Նոյեմբերյանի զինվորական կոմիսար Կամո Հարությունյանից տեղեկացանք, որ ՀՀ ՊՆ-ն հոգալու է զինվորի թաղման հետ կապված բոլոր ծախսերը:
Տավուշ