«Բնապահպանական խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց սեմինար` բնապահպանական թեմաները լուսաբանող լրագրողների, լրագրության ֆակուլտետների դասախոսների և ուսանողների համար, Armlur.am-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ծրագիրն իրականացրեց Հայկական Օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Սեմինարին մասնակցեցին շուրջ 500 ուսանողներ և դասախոսներ: Զեկուցումներով հանդես եկան լրագրության և բնապահպանության ոլորտի փորձագետներ. օրինակ`«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը և այլք:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը փաստեց, որ նման դասընթացների անհրաժեշտություն վաղուց կար, քանի որ խնդիրը միշտ էլ եղել է.
«Մենք տեսնում ենք լրագրողների, ովքեր գրում են էկոլոգիական թեմաներով` հաճախ էկոլոգիական խնդիրները լավ չպատկերացնելով, չունենալով մասնագիտական անհրաժեշտ այն գիտելիքների պաշարը, որոնք թույլ կտան այս կամ այն իրողության մասին գրել մասնագիտական այն որակներով, որ նյութը զանգվածային ընթերցողին հասանելի լինի»: Պարոն Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ 2016-2017 ուսումնական տարվանից ֆակուլտետում վերականգնելու են էկոլոգիական լրագրություն դասընթացը բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար, որի ընթացքում` որպես ուսումնական նյութ կծառայի սեմինարի արդյունքում հրատարակված ձեռնարկը: Հայկական Օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նկատեց, որ ընդհանրապես բոլոր ոլորտների լուսաբանման առումով մասնագիտացված լրագրողների պատրաստման հարցում լուրջ խնդիրներ կան. «Մասնագիտացված լրագրողները, ցավոք, քիչ են: Եվ այդ դերը կարծես ստանձնում են խմբագրությունները, բայց լիարժեք կատարել չեն կարող, քանի որ իրենք էլ չունեն համապատասխան մասնագետներ, ովքեր կուսեն նոր ընդունված աշխատողներին»: Դավիթ Ալավերդյանը նշեց,որ ծրագրով հետաքրքրված են և՛ ուսանողները, և՛ բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողները, և՛ բնապահպանները:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ նման ծրագրի իրականացման անհրաժեշտություն, իրոք, կար և հավելեց. «Խնդիրը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ ներկայացված են դրա պատճառները, հնարավոր հետևանքները: Միայն խնդիրը ներկայացնելն էլ շատ քիչ է, ակունքները ևս պետք է երևան, որպեսզի պարզ լինի, թե ինչ կարելի է անել դրա լուծման համար»: Տիկին Դանիելյանը նկատեց, թե նոր- նոր ենք եկել այս գիտակցության, քանի որ խորհրդային տարիների մոտեցման համաձայն` միշտ էկոլոգիական խնդիրները ստորադասվել են տնտեսականին: