ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի Ս. Խաչատրյանը քեռու՝ Պետրոս Ավագյանի անունից բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին՝ պահանջելով վերադարձնել իրեն ժառանգաբար հասանելիք տունը: Նա ներկայացնում է, թե ինչպես է ճնշումների ենթարկվել Աբովյանի, ապա Եղեգնաձորի ոստիկանների կողմից:    
«Հետեւելով քարոզարշավի Ձեր ելույթներին, որում շեշտում էիք՝ «ապահով Հայաստանում չեն լինելու արտոնյալներ եւ օրենքից դուրս անձնավորություններ», Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հետեւյալը:
Քեռիս՝ Պետրոս Երվանդի Ավագյանը, ծնվ. 1950թ., ծնողները՝ Երվանդ Ավագյան եւ  Սիրանույշ Ավագյան, մահացել են: Պ. Ավագյանն իր ընտանիքով՝ կինը եւ 2 դուստրերը, ապրել են ծնողների երկհարկանի առանձնատանը, որը գտնվում է 1200 քմ հողատարածքի վրա (ք. Եղեգնաձոր, Թամանցիների 6 հասցեում), առանց սեփականության իրավունքի: Ավագյանը բիզնես գործունեություն ծավալելու համար Վայոց Ձոր մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Նիկոլայ Հակոբյանից վերցրել է 3000 դոլար պարտք: Այն ուշացնելու համար ցանկացել է առանձնատունը վաճառել եւ հատուցել, որի համար նոտարով կնքված լիազորագիր է տվել Ն. Հակոբյանին, որպեսզի տունը վաճառի, պարտքի գումարը վերցնի, իսկ տարբերությունը վերադարձնի Պ. Ավագյանին, որը տեղափոխվել է բնակվելու ք. Աբովյանում:
1998թ. հոկտեմբերին Ն. Հակոբյանը, ոստիկանության մայոր Արթուր Առաքելյանի հետ համագործակցելով, Աբովյան քաղաքի ոստիկանների հետ խաբեությամբ Պ. Ավագյանին  տանում  են  Աբովյանի ոստիկանություն եւ ճնշում գործադրելով՝ տեղափոխում Եղեգնաձոր  քաղաքի ոստիկանություն: Այնտեղ պահում են 2 օր առանց սննդի: Այդ ամենից հետո Եղեգնաձորի դատախազի պաշտոնակատար Հայկ Սարգսյանի աշխատասենյակում, ուր նախապես հրավիրված է եղել նոտար Սոնյա Պողոսյանը, շարունակում են ճնշումը, եւ Ավագյանը ստորագրում է բազմաթիվ փաստաթղթեր, որոնց իսկությունը չի հիշում, բացի պարտքից (3000 դոլարը վերափոխված 6000 դոլարով), որը հաստատվում է նոտարի կողմից:
2012թ. հունվարին գտնվել է 1984թ. ապրիլի 19-ին գրված կտակ այն մասին, որ Երվանդ Ալեքսանի Ավագյանն իր առանձնատունն ամբողջովին կտակել է աղջկան՝ Շահանդուխտ Խաչատրյանին (մահացել է 1996թ. օգոստոսի 1-ին), մնացած ժառանգները զրկվում են ժառանգության իրավունքից:
Կտակը գտնվելուց հետո դիմեցի փաստաբան Ն. Բաղդասարյանին, որը համաձայնեց ուսումնասիրել եւ նախապատրաստել իմ ժառանգության իրավունքի փաստաթղթերը: Ն. Բաղդասարյանը զանգահարեց եւ պնդեց, որպեսզի հանդիպենք Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանի հետ: 2012թ. հունիսին փաստաբան Ն. Բաղդասարյանը, Սամվել Սարգսյանը եւ ես հանդիպեցինք Եղեգնաձոր քաղաքում՝ Ս. Սարգսյանի աշխատասենյակում:  
Հանդիպման ժամանակ Ն. Բաղդասարյանն ասաց հետեւյալը՝ մեջբերում եմ. «Ես չեմ կարող պարոն Սամվել Սարգսյանի խոսքից դուրս գալ, հրաժարվում եմ Ձեզ հետ համագործակցելուց եւ վերադարձնում եմ փաստաթղթերն ամբողջովին, իսկ հետագա գործերի համար բազար արա պարոն Սամվել Սարգսյանի հետ»: Պարոն Ս. Սարգսյանը ներկայացրեց, որ նոտար Սոնյա Պողոսյանն իրեն քրոջ պես հարազատ անձնավորություն է եւ պատրաստ է օգնել նրան: Ինձ առաջարկեց 5000 ԱՄՆ դոլար, որպեսզի այդ պատմությունը մոռանամ, որից ես հրաժարվեցի: Պարոն Ս. Սարգսյանը հայտնեց, որ ինքն ունի մեծ  հնարավորություններ եւ կօգտագործի բոլոր լծակները, որպեսզի ես արդյունքի չհասնեմ: Ես հարկադրված դիմեցի ուրիշ փաստաբանի օգնությանը:
Իրողությունը ներկայացրի մակերեսորեն, խնդրում եմ օգնություն` արդարությունը վերականգնել եւ արտոնյալ անձնավորություններին ենթարկել պատասխանատվության»:

Հարգանքներով՝  Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ




Լրահոս