Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Էդուարդ Քոսակյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք գործել Բերդ քաղաքում գտնվող, Սերյոժա Մեջլումյանին պատկանող խանութ-կրպակ եւ հափշտակել տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ: Բացի այդ, նա մեղադրվում էր այն բանում, որ 2010թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի ձեռք է բերել եւ բնակարանում պահել ինքնաձիգի տարբեր տրամաչափի 104 հատ փամփուշտ: Քոսակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն), 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զինամթերք պահելը) եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն): Նախկինում չդատված Էդ. Քոսակյանը դատարանում պնդել է, որ ինքը ոսկեղենի գողություն չի կատարել, եւ ոստիկաններն «իր գլխին սարքել են»: Սուտ մատնության հոդվածն էլ նրան առաջադրվել էր այն բանի համար, որ նա ոստիկաններին մեղադրել էր իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Սույն քրեական գործի նախաքննությամբ՝ գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը չեն հայտնաբերվել: Դատարանում Էդ. Քոսակյանը հայտնել է, որ փամփուշտներն ինքը գտել է շքամուտքում: 2013թ. փետրվարի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Էդ. Քոսակյանին արդարացնել եւ 235 հոդվածի 1-ին մասով դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման: Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել: Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 4-ի դատական նիստում պետական մեղադրողը՝ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը, պահանջել էր Էդ. Քոսակյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատարանում Քոսակյանի շահերը պաշտպանում էր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ղալումյանը:
2012թ. հոկտեմբերի 23-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է 2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով կանխիկ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվող Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը: Այս դեպքում եւս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում, իսկ ամբողջ գողոնից դատարանում որպես իրեղեն ապացույց ներկայացվել է միայն մեկ ոսկե մատանի: Այս դատն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Տավուշ