ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ «ԳԵՏՆԻ» ՏԱԿՆ ԵՆ ԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ եւ կիրակի օրերը լի էին անակնկալներով. մեկ մյուսի հետեւից հրաժարականի դիմումներ էին ներկայացնում Հայաստանի մի շարք քաղաքների քաղաքապետեր: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ հրաժարականների շքերթը դեռեւս շարունակվելու է, քանի որ ՀՀԿ վերջին ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կտրուկ է արտահայտվել ու կոնկրետ անուններ է նշել, թե ովքեր պետք է գրեն այդ դիմումները: Ըստ այդմ՝ հաջորդը հրաժարականի դիմում կգրի Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը:
Նշենք, որ շաբաթ օրը հրաժարականի դիմում ներկայացրեց Արմավիրի քաղաքապետ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանը, որը 2011թ. մարտի 20-ին կայացած Արմավիր քաղաքի ընտրություններում վերընտրվեց՝ ստանալով 6849 քվե, իսկ նրա մրցակից Սեւակ Մինասյանը, որն այսօր բանտում է, հավաքեց 5811 ձայն: Հրաժարական է ներկայացրել նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
ՀՀ նախագահի ընտրությունների առաջին «զոհը» դարձավ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որն առաջինը ներկայացրեց հրաժարականի դիմումը: Ու այս քայլը փետրվարի 23-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարեց «տղամարդկային քայլ»: Ր. Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ մյուս մարզպետերը եւս պետք է հրաժարական տան, որպեսզի Հայաստանում ժողովրդին վերադառնա իշխանությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել այն քաղաքապետերի հետ, որոնց «կյանքը մազից» է կախված, եւ հնարավոր է՝ շուտով նրանք եւս «ինքնակամ» հրաժարականներ ներկայացնեն:

Նոյեմբերյանի քաղաքապետ ՎԱՆՈՒՇ ԱՄԻՐԱՂՅԱՆ
-Պարո՛ն Ամիրաղյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք եւս հրաժարական եք տալու: Պատճառն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Ձեր ղեկավարած քաղաքում պարտվել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունները:
-Ես արդեն հոգնեցի այդ հարցուփորձերից, ուրիշ այլ հարցեր չունե՞ք:
-Խնդրում եմ ասել՝ Դուք պատրաստվո՞ւմ եք հրաժարականի դիմում ներկայացնել, թե՞ գոհ եք Ձեր կատարած աշխատանքից:
-Այդպիսի բան չկա: Ես վերջացրի, ուրիշ հարցեր մի՛ տվեք, վերջ:

Ախթալայի քաղաքապետ ՀԱՅԿԱԶ ԽԱՉԻԿՅԱՆ
-Պարո՛ն Խաչիկյան, Դուք գո՞հ եք Ախթալայում անցկացված ընտրություններից եւ ընդհանրապես Ձեր կատարած աշխատանքից:
-Մեզ մոտ ժողովրդի մեծամասնությունն ընտրել է Սերժ Սարգսյանին:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը համատարած դժգոհ է քաղաքապետերի եւ մարզպետերի կատարած աշխատանքից եւ պահանջել է, որ լավ չաշխատած պաշտոնյաներն իրենք իրենց ձեռքով հրաժարականի դիմումներ ներկայացնեն: Դուք պատրաստվո՞ւմ եք նման քայլի գնալ:
-Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ նման բան կա: Մեզ մոտ ընտրակեղծիքներ չեն եղել, ու ամեն ինչ նորմալ է եղել:
-Այսինքն՝ բոլոր տեղերում ընտրակեղծիքնե՞ր են եղել, ու դրա՞ համար են քաղաքապետերը, մարզպետերը հրաժարականի դիմումներ ներկայացնում:
-Ես չգիտեմ, այդ դեպքում ինչի՞ պետք է հրաժարական տան, եթե որեւէ բան չի եղել: Ես առաջին անգամ եմ նման բան լսում, ժողովուրդն իր կամքով գնացել ու ընտրել է իր խղճի կամոք:
-Վախենալու ոչ մի բան չունե՞ք, որ հնարավոր է՝ Ձեզ էլ պարտադրեն հրաժարականի դիմում գրել:
-Ինչո՞ւ պետք է վախենամ, բայց ինչի՞ համար պետք է պարտադրեն, օրինակ՝ մենք ի՞նչ օրինախախտում ենք արել, որ մեզ պարտավորեցնեն հրաժարական տալ: Իսկ դա որեւէ քրեական հետապնդում առաջացնո՞ւմ է մեզ համար: Ես դա ասում եմ ընդհանրապես, ինձ նման բան չեն ասել Ձեր նշած դժգոհության առումով:
-Ու Դուք չեք էլ պատրաստվո՞ւմ հրաժարականի դիմում գրել:
-Ինչի՞ համար: Լավ, ես վատառողջ եմ, էլ չեմ կարող շարունակել:
Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Իսկ Արմավիրի արդեն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, լսելով, որ իրեն լրատվամիջոցից են անհանգստացնում, անմիջապես անջատեց հեռախոսն ու այլեւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս