ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐ Ի՞ՆՉ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով շնորհավորել է Սերժ Սարգսյանին. «Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով: Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից: Մեկ անգամ եւս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում եւ մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ»:

ՊԱՀԱՆՋԸ ՓՈՔՐԱՑՐԵՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է 72-ամյա Ռազմիկ Աբրահամյանի՝ ընդդեմ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու համար 2-ական միլիոն դրամի փոխհատուցում  բռնագանձելու պահանջի մասին հայցի քննությունը: Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է «Առավոտ»-ի՝ «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» եւ «Հայկական ժամանակ»-ի՝ «62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը» հրապարակումները, որոնք տպագրվել են 2003թ. սեպտեմբերին: Ռազմիկ Աբրահամյանը երեկ իջեցրել է իր պահանջների չափը` դատարանին խնդրելով նշված թերթի լրագրողներից բռնագանձել 1-ական միլիոն դրամ:

ՏՂԱՆ` ՏՂԱՅԻ ՍԻՐՈՒՑ
Փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում՝ Սարալանջ թաղամասի թիվ 6 դպրոցի բակում տեղադրված «տուռնիկից» երիտասարդ տղա է կախվել: Ոստիկանությունը պարզել է, որ կախված երիտասարդը Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Հ. Հ.-ն է: Ըստ տարածքի բնակիչների՝ տղայի ինքնասպանության պատճառն այն է եղել, որ նա սիրահարված է եղել մեկ այլ տղայի՝ 20-ամյա Ս. Ս.-ին, ում էլ «Օդնոկլասսնիկի»-ով նամակներ է գրել եւ ցանկություն հայտնել հանդիպել: Սակայն ստացել է մերժումներ: Քննչական մարմինը հայտնաբերել է նաեւ ինքնասպան եղածի համակարգիչը եւ պարզել, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նամակ է գրել, որ դիմելու է այդ ծայրահեղ քայլին:




Լրահոս