Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 156, իսկ Սերժ Սարգսյանը՝ 902 ձայն: Ադրբեջանի հետ 40 կմ սահմանագոտում ավելի քան 1000 հա չմշակվող հող ունեցող Կոթիում բնակչության սոցիալական վիճակը ծանր է: Կոթիից բազմաթիվ ընտանիքներ հեռացել են, բնակություն հաստատել Ռուսաստանում, Երեւանում եւ այլուր: Խորհրդային տարիներին Կոթիի միջնակարգ դպրոցն ուներ մոտ 700 աշակերտ, այժմ 830 աշակերտական տեղով դպրոցում սովորում է 287 երեխա: Կոթիի մեր աղբյուրները հայտնեցին, որ կոթեցիները Ս. Սարգսյանին ընտրել են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը սերում է Կոթիից, այլեւ նրա համար, որ իշխանությունները խոստացել են փոխել կոթեցի Արարատ Մուրադխանյանի խափանման միջոցը: Վերջինս ցմահ ազատազրկման է դատապարտվել Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղից Լյովա Մեհրաբյանի եւ նրա հարազատների սպանության համար: Դատարանում Ա. Մուրադխանյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ ինքը չի կատարել այդ հանցագործությունը: Նա իրեն անօրինական կալանքի տակ պահելու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ շահել դատը. ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Ա. Մուրադխանյանին վճարել 6 հազար եվրո: Արդյոք կկատարվի Ա. Մուրադխանյանի պատժաչափը փոխելու` կոթեցիներին տրված խոստումը` պարզ կդառնա առաջիկայում:
ՎԱՆՈՅԻ ԳՅՈՒՂԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ