ՄԱ՛Մ, ՀԱՍԻ՛, ՊԱՊԱՅԻՆ ՄՈՐԹԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 22-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, փետրվարի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, իսկ փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի են ունեցել դանակահարություններ, որոնց արդյունքում մեկ հոգի մահացել է: Փետրվարի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձորի Չուխաջյան 46 շենքի բնակիչ 42-ամյա Սարգիս Պապոյանը պարանոցի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է վիրահատության: Հարեւանների պատմելով` Սարգսի կինը` Գայանեն, օգնության է կանչել հարեւաններին, որոնք տեսել են Սարգսին` կոկորդը կտրված եւ ուշագնաց ընկած: “Սարսափելի էր այդ տեսարանը: Շատ լավ մարդ է Սարգիսը, իսկ թե ինչն է եղել պատճառը, մենք չգիտենք”,-ասաց հարեւաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց Սարգիս Պապոյանի կնոջ՝ 42-ամյա Գայանեի հետ: Նա մեզ պատմեց, որ դեպքի օրը տանը չի եղել, իսկ ամուսինը աշխատանքից նոր է վերադարձել տուն. “Գնացել էի հարեւաններիցս մեկի տուն` կողքի շենք՝ գումար խնդրելու ու  6 տարեկան փոքրիկ տղայիս թողել էի տանը ամուսնուս հետ: Կես ժամ չէր անցել, ու հանկարծ երեխաս լացակումած վազեց, քացով բացեց հարեւանիս դուռը եւ ասաց, թե մամա՛, շո՛ւտ արա հասի, պապային մորթել են”:
Ըստ կնոջ` երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Տիգրան Հովսեփյանը, որն առավել հայտնի է Շմո մականվամբ, հարբած վիճակում եկել է Պապոյանների բնակարան եւ Սարգսից պահանջել նրա մեքենան. “Ամուսինս չի ցանկացել իր մեքենան տալ, քանի որ Տիգրանը հարբած է եղել, եւ որպեսզի 6 տարեկան տղաս չվախենա հարբած տղամարդու գոռգոռոցից, ամուսինս ասել է, թե արի՛ դրսում խոսենք”:
Գայանեի խոսքով` ամուսինը փորձել է հանգստացնել Տիգրանին, սակայն Տիգրանը ոչ մի կերպ չի հանդարտվել, դանակով կտրել է նրա կոկորդն ու փախել: Նա պատմեց նաեւ, որ Տիգրանը դեպքից հետո շտապել է օդանավակայան, որ խուսափի պատասխանատվությունից: “Ես հարեւանի տանից վազեցի բակ ու տեսա, թե ոնց է մեքենայի մոտ Սարգիսն արնաքամ  լինում: Օգնություն կանչեցի: 6 տարեկան տղաս լացելով  ասաց, որ ինքը տեսել է, թե ոնց է Տիգրանը դանակով կտրել հոր կոկորդը”,-ասաց Գայանեն:
Նա հայտնեց, որ Սարգիսը եւ Տիգրանը մտերիմներ չեն. “Մենք նրան ճանաչում ենք որպես  թաղի մարդ, ու ամուսինս միայն բարեւ է տվել նրան ու անցել: Ինձ համար կատարվածը այնքան զարմանալի է, որ ամուսնուս ասում եմ` կարող է ինչ-որ թշնամանք ունես Տիգրանի հետ կամ պարտք ես նրան, բայց ամուսինս ասում է, թե նման բան չկա”:
Գայանեից տեղեկացանք, որ ամուսնուն դեպքի օրը վիրահատել են, սակայն վիրահատությունից հետո այլ խնդիրներ են առաջացել: “Վիրահատությունից հետո ամուսնուս ստամոքսի մեջ արյուն է լցվել, ու հնարավոր է, որ կրկին վիրահատեն: Ճիշտ է, բժիշկները գումար չեն պահանջել, սակայն պետք է ասեմ, որ մենք օրվա հացով ապրող մարդիկ ենք եւ ներկա պահին շատ վատ վիճակում ենք ու օգնության կարիք ունենք”,-հուսահատված հայտնեց Գայանեն:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Տիգրան Հովսեփյանը երեք անգամ դատված է եղել եւ Վանաձորում ապրում է կնոջ եւ 15 տարեկան տղայի հետ: “Մենք իմացել ենք, որ Տիգրանը շատ  է զղջացել, որ նման բան է արել, իսկ նրա հարազատներն այսօր մեզ ասում են, թե մի՛ բողոքեք, մենք մեր տունն ու տեղը կծախենք, ձեզ կօգնենք, բայց ոչ, եղածը եղած է”,-խիստ տոնով նշեց Գայանեն:
Զրուցեցինք նաեւ Սարգիս Պապոյանի հետ: “Նորմալ է հիմա վիճակս, դեռ հիվանդանոցում եմ: Ի՞նչ կարող եմ ասել, մեքենա ուզեց, չտվեցի ու չպատկերացրեցի, որ կփրթի, բայց ամեն ինչ միանգամից կատարվեց”,-ասաց նա:
“Ժողովուրդ”-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Տ. Հովսեփյանին ոստիկանները գտել են: Հարուցվել է  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով):
Դանակահարության դեպք է արձանագրվել նաեւ Արմավիր քաղաքում: Փետրվարի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի ավտոկայանում վիճաբանության ժամանակ Սարգիս Դ.-ին դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել 21-ամյա Կարեն Մ.-ին: Փետրվարի 24-ին Կարենը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: 
Իսկ  Կոտայքի մարզի Գառնի գյուղում, ի տարբերություն դանակահարության վերը նշված դեպքերի, վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Գառնի գյուղի բնակիչներ Արմեն Շահբազյանի եւ Արտուշ Գեւորգյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արմենն իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է Արտուշին, որը “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բկ-ում, գիտակցության չգալով, մահացել է: Ըստ տեղեկությունների՝ Արմենն Արտուշի հորաքրոջ տղան է, սովորում է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի 4-րդ կուրսում: 
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս