ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ՍԵՐԻԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասանուհի ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ ծնվել է Երեւանում: 10-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է “Մասիս” գործարանում որպես բանվորուհի, այնուհետեւ ընդունվել Առնո Բաբաջանյանի երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալի բաժինը: Ապա սովորել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում` Սոս Սարգսյանի կուրսում: Նկարահանվել է “Կարգին հաղորդման” մեջ, ապա  “Որբերը”, “Աննա”, “Դժբախտ երջանկություն” սերիալներում, հիմա էլ “Գեներալի աղջիկը” սերիալում: 17 տարի է՝ աշխատում է Համազգային թատրոնում:
-Քայլ առ քայլ հասա դերասանուհու մասնագիտությանը: Մանկուց եմ երազել, միշտ հետաքրքրվել եմ: Սովետական շրջանում կային կինոամսագրեր, որոնք ես անընդհատ գնում էի ու երազում դառնալ կինոյի դերասանուհի: 
-Արդյո՞ք Ձեր հույսերն արդարացան, այսօր, ցավոք, կինո չունենք:
-Հույսերս արդարացան այնքանով, որ Թատերական ինստիտուտ ընդունվեցի ու այնքան գոհ եմ, որ գտնվեցի Սոս Սարգսյանի կուրսում: Դա ինձ համար Աստծո պարգեւ էր: 
-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում:
-Առաջին անգամ ինձ հրավիրեցին հեռուստատեսություն, երբ Մկրտիչն ու Հայկոն նկարում էին “Կարգին հաղորդում”-ը: Մտավախություն ունեի, այն ժամանակ կամերայից, չգիտեմ ինչու, խուսափում էի: Բայց փորձեցի, շատ ուրախ եմ ու գոհ, որ տղաների շնորհիվ կարողացա այդ ամենը հաղթահարել: 
-Հանրային հեռուստաընկերությունը չի՞ արգելում իր սերիալներում նկարահանվող դերասաններին մասնակցել այլ նախագծերի: 
-Հեռուստաընկերության դրվածքը չգիտեմ, բայց ես ինքս սխալ եմ համարում միաժամանակ տարբեր տեղերում նկարվելը: Դերասանը չի կարող նույն ժամանակահատվածում խաղալ երկու տարբեր կերպար: Հեռուստադիտողն էլ ճիշտ չի ընկալի: Խաղա՛ մի կերպար ու պատասխանատվությո՛ւն ունեցիր ժողովրդի առաջ: 
-Ինքներդ նայո՞ւմ եք Ձեր մասնակցությամբ սերիալը:
-Իհարկե, մասնագիտական աչքով նայում եմ, կան բաներ, որ ուզում եմ իմանալ, սխալներս տեսնել` հաջորդ անգամ նույն բանը չկրկնելու համար: 
-Նկատել եմ, որ ե՛ւ “Որբերըե”, ե՛ւ”Աննա” սերիալներում Ձեր կերպարը դժբախտ, տանջված կնոջ կերպար է, հայ կինը երջանիկ լինել չի՞ կարող: 
-Կան կերպարներ, որոնք վերցված են կյանքից: Մենք ունենք նմանատիպ կանայք, ինձ դրսում շատ անգամ են մոտեցել ու ասել այդ մասին: Հիմա սերիալները շատ են փնովում, վատաբանում, ասում են՝ աղբ է, չպիտի նայել, բայց ես կասեի, որ սերիալներն էլ իրենց դաստիարակչական բնույթն ունեն: Հիմա մենք բոլորս էլ նայում ենք սերիալ: Ի դեպ, “Որբերը” սերիալից հետո բավական փոփոխություններ են եղել: Բարերարներ են օգնել մանկատներում ապրող երեխաներին, ծնողներն են տուն տարել իրենց երեխաներին: 
Ինչպիսի՞ն եք Դուք էկրանից այս կողմ: 
-Ինձ չեմ ուզում գովաբանել, լավ կլիներ, եթե ուրիշները խոսեին իմ մասին: Տանն ունեմ եղբոր երեխաներ, որոնց ես ուղղակի պաշտում եմ, առանց նրանց կյանք չունեմ: Կարեւոր չէ՝ դու նրանց մայրն ես, թե հորաքույրը: Երբ նույնիսկ փողոցում տեսնում եմ դաժանություն, չեմ ընդունում, որովհետեւ երեխան անպաշտպան է, նրան պետք է սիրել: Իմ հոգին ալեկոծվում է, երբ փողոցում մայրը երեխային հանկարծ հարվածում է կամ գոռում: Նմանատիպ բաները ես չեմ ընդունում: 
-Հարազատ երեխաներ չունե՞ք:
-Ո՛չ, ամուսնացած չեմ: 
-Որպես կին՝ ի՞նչ եք ուզում, սովորաբար, կանանց պահանջները մեծ են լինում:
-Ես երբեք էլ պահանջկոտ չեմ եղել, ոչ մեկից ոչ մի բան չեմ վերցրել, չեմ ուզել: Իմ աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս աստիճանին, որից շատ գոհ եմ: Ես երջանիկ կին եմ, ունեմ հրաշալի ծնողներ, եղբայր, եղբոր կին, զարմիկներ, ունեմ հրաշալի աշխատանք, մասնագիտություն: Ինչպես յուրաքանչյուր կին, այնպես էլ ես կցանկանայի, որ իմ երջանկությունն ամբողջական լիներ, ունենայի իմ սեփական ընտանիքը: Կնոջ հարստությունն ու հաջողությունն իր ընտանիքն է: Լինում են պահեր, երբ մտածում ես, որ ամեն ինչի հասել ես, բայց ավելի լավ էր այս կամ այն չլիներ, սակայն ընտանիք ունենայիր: Դա շատ կարեւոր եւ անհրաժեշտ հանգամանք է: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս